Սպանված փոխգնդապետ Բաբայանը ծնվել ու ապրում էր Ստեփանակերտում, Արցախի ուժային համակարգում ծառայում էր շուրջ 24 տարի
Երեկ՝ մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրականացրած հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել:
Սպանված 3 ոստիկանից տարիքով ամենաավագը փոխգնդապետ Արմեն Բաբայանն էր: 46-ամյա ոստիկանն իր կյանքի շուրջ 24 տարին անցկացրել էր ծառայության մեջ և ամբողջ կյանքը՝ Արցախում: Նա բնիկ ստեփանակերտցի էր, 2 երեխայի հայր:
Նրա կենսագրությունը ներկայացնում ենք ստորև.
Ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին Ստեփանակերտ քաղաքում:
1993-1996թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ. Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժինը:
1999 թվականին ծառայության էր ընդունվել ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումում: Ոստիկանության համակարգում ծառայել է մինչև 2008 թվականը, այնուհետև՝ ծառայությունը շարունակել ԼՂՀ ԱԱԾ-ում/2008-2012թթ/:
2014 թվականից ծառայության էր անցել ոստիկանության պետական պահպանության վարչությունում, իսկ 2015 թվականից՝ ծառայությունը շարունակել ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնում:
2018 թվականին նշանակվել էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետ:
Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ ոստիկանության փոխգնդապետի կոչում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:
Կարծիքներ