ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը բարձր է գնահատել երկու երկրների տնտեսական համագործակցությունը

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը բարձր է գնահատել երկու երկրների տնտեսական համագործակցությունը

Անկախության տարիներին Հայաստանն ու Ղազախստանը նշանակալի հաջողությունների են հասել երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացման ուղղությամբ: Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը՝  «Անկախություն եւ ինքնիշխանություն: Սպառնալիքներ եւ մարտահրավերներ մերօրյա Հայաստանի համար» թեմայով Հայ-ռուսական համալսարանում կայացած կոնֆերանսի ընթացքում:

«Վերջին տարիներին մեր երկրների միջև բարձրագույն մակարդակով քաղաքական երկխոսության բարձր դինամիկա է արձանագրվում: Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում, Երևան և Ղազախստան են  այցելել, համապատասխանաբար՝ Ղազախստանի նախագահ Տոկաևը, ՀՀ վարչապետը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների ղեկավարները: Բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները, ներկայում հետևողականորեն իրականացվում են մեր համագործակցության տարբեր բնագավառներում»,-ասաց Ղազախստանի դեսպանը՝  գոհունակությամբ նշելով, որ չնայած համավարակին ու համընդհանուր տնտեսական ճգնաժամին՝ անցած տարվա արդյունքներով Ղազախստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը աճել է ավելի քան 2 անգամ:

«Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխշահավետ ապրանքաշրջանառության հետագա ակտիվացման ու զարգացման գործում կարևոր դերակատարություն ունի տնտեսական ու առևտրային համագործակցության նպատակով ստեղծված՝ միջկառավարական համատեղ հանձնաժողովը:Այդ հանձնաժողովի հերթական նիստը նախատեսվում է այս տարվա ընթացքում: Ես կարծում եմ, որ մեր երկկողմ համագործակցության կարևոր առաջնահերթությունը տնտեսականն է, որը կարող է ազդակ է նաև այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման համար»,-ասաց Իմանբաևը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի ու Ղազախստանի փոխշահավետ գործընկերությունը, բոլոր մակարդակներում գործարար կապերի ակտիվացումն ու  նոր աշխատատեղերի ստեղծումը՝  արդյունավետ է անդրադառնալու երկու երկրների ժողովուրդների բարեկեցությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում