Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստան է այցելել 260 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշն ավելին է, քան 2022 և 2019 թվականների սեպտեմբեր ամիսների տվյալները։ 2022 թվականի սեպտեմբերին գրանցվել էր 198 հազար այցելություն, 2019 թվականի սեպտեմբերին՝ 221 հազար:

Ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստանը գրանցել է 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 25 տոկոս։

Հայաստան եկած զբոսաշրջային ցուցանիշի կառուցվածքում առաջին տեղում Ռուսաստանն է՝ 51 տոկոս, երկրորդ տեղում Վրաստանն է՝ 10 տոկոս, երրորդ տեղում Իրանն է՝ 6 տոկոս։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը տեղեկացրել է, որ ակտիվություն նկատվում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Էմիրություններից։

«Մենք ակտիվ աշխատում ենք տարբեր հարթակներում Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ։ Նախորդ շաբաթ Իտալիայում էինք՝ մասնակցելու զբոսաշրջային ցուցահանդեսին։ Իտալիան մեզ համար նոր ուղղություն է, գիտեք, որ ուղիղ չվերթեր կան տարբեր քաղաքներից դեպի Երևան, հիմա մենք թիրախային աշխատանք ենք կատարում իտալական շուկայում՝ գովազդելու Հայաստանը։ Այս ընթացքում եղել ենք Ֆրանսիայում 12 տուրօպերատորի հետ։ Տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ բավական հետաքրքրություն կա Ֆրանսիայից։ Նոյեմբերին էլ մեկնելու ենք Լոնդոն, կրկին մեծ խմբով, ներկա ենք լինելու սպասվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Նման խոշոր միջոցառումներին սովորաբար ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային վայրերը, արշավային, արկածային տուրիզմի հնարավորությունները, խոհանոցը»,- ասել է Սիսիան Պօղոսեանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի զբոսաշրջային պորդուկտները դարձել են բավական բազմազան։ Յուրաքանչյուր երկրում, կախված տեղի բնակիչների նախասիրություններից, կա հնարավորություն ներկայացնելու ամենատարբեր տուրիստական փաթեթները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում