Բարեգործական մի շարք կազմակերպություններ դադարեցրել են գործունեությունը Գազայի հատվածում՝ հումանիտար աշխատողների սպանվելուց հետո
Բարեգործական «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը Գազայի հատվածում այն բանից հետո, երբ իր 7 աշխատակիցները ապրիլի 1-ին սպանվել են Իսրայելի ավիահարվածներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Կազմակերպության հետ աշխատող մեկ այլ բարեգործական ընկերություն՝ «Աներա»-ն, նույնպես դադարեցրել է իր աշխատանքը՝ տեղացի աշխատողների և նրանց ընտանիքների համար ռիսկերի աճի պատճառով։
Երկու կազմակերպությունները շաբաթական 2 միլիոն չափաբաժին սնունդ էին մատակարարում Գազայի հատվածում, որտեղ, ըստ ՄԱԿ-ի գնահատումների, բնակչության կեսը՝ մոտ 1,1 միլիոն մարդ, սովի է մատնված։
«Համաշխարհային կենտրոնական խոհանոց»-ը «սառեցրել» է Կիպրոսից ծովային ճանապարհով պարենի մատակարարումը․ կազմակերպության աշխատակիցների ավտոշարասյունը հարձակման էր ենթարկվել այն բանից հետո, երբ պահեստներից մեկում վերահսկել էր 100 տոննա սննդի բեռնաթափումը։ Այս միջադեպից հետո 240 տոննա պարենով բեռնված մնացած նավերը վերադարձել են Կիպրոս։
Բարեգործական կազմակերպությունների կողմից օգնության տրամադրման դադարեցումը լուրջ մտահոգություն է առաջացրել, որ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, «Համաշխարհային կենտրոնական խոհանոց»-ի ղեկավար, հայտնի շեֆ խոհարար Խոսե Անդրեսը Reutrers-ին հայտնել էր, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով զոհված 7 հումանիտար աշխատողները թիրախավորվել են «համակարգված կերպով, մեքենա առ մեքենա»։ Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիլ Բարկաթը հերքել է Անդրեսի մեղադրանքները։
Իսրայելական հարվածների զոհերի շարքում են Բրիտանիայի 3 քաղաքացի, Ավստրալիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և 1 պաղեստինցի։
Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում 196 հումանիտար աշխատող է զոհվել։
Կարծիքներ