Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին
Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին։ Սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 9-ին «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն է, քննարկվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները»:
«Այդպիսով, հունական կողմին հնարավորություն է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի ապօրինի և սադրիչ գործողությունների մասին, ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլև հենց դաշինքի թե՛ անվտանգության և թե՛ համախմբվածության: Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները Եգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում»,- ասել է կաբինետի ներկայացուցիչը:
«Հավաստվեց նաև լարվածության ապաէսկալացիայի շուրջ մեր հայտարարված դիրքոշումը: Այսինքն՝ ապաէսկալացիայի անհրաժեշտ պայման է թուրքական Oruc Reis-ի (հետազոտական նավի) և այն ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից»,- ասել է Պեցասը:
ՆԱՏՕ-ն փորձում է հավասարահեռ դիրքորոշում բռնել իր անդամներ Հունաստանի և Թուքիայի նկատմամբ՝ նրանց ապաէսկալացիայի և երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում է, որ երկուստեք պետք է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց». Հունաստանը դա ընկալում է որպես Թուրքիայի դիրքորոշման միանշանակ պաշտպանություն, որն, Աթենքի խոսքով՝ նավերն անօրինականորեն ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտի շրջան:
Ըստ որում Անկարան հայտարարել է, որ համաձայն է երկխոսության «առանց նախնական պայմանների»։
Կարծիքներ