«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին դպրոցականները մասնակցում են մեծ խանդավառությամբ

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին դպրոցականները մասնակցում են մեծ խանդավառությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» կողմից իրականացվող «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Մայիսի 16-ին մեկնարկած ծրագրի շրջանակում Հայաստանի մշակութային գործիչները, արվեստագետները հանդիպում են ՀՀ մարզերի դպրոցականների հետ, քննարկում հատուկ ընտրված խորագրային թեմաները՝ բացահայտելով արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ:

Թեմաների ընտրությունը կատարվում է՝ աշակերտների տարիքային խմբերի առանձնահատկությունները հաշվի առնելով: Հանդիպումներն անցկացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաներին հնարավորություն է ընձեռվում ստանալ ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն մասնակցություն ունենալ արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում հարցուպատասխանի միջոցով պարզաբանվում են երեխաներին հետաքրքրող հարցերը, ինչն էլ նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական կապին:

Այս տարի արդեն իսկ կայացել է աշակերտ-արվեստագետ 12 հանդիպում. ծրագրին մասնակցել են շուրջ 1000 աշակերտ Երևանի և Վանաձորի 94 դպրոցներից:

Որպես բանախոս հանդես են եկել դիրիժոր Կարեն Դուրգարյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, կիթառահար, երգիչ Սևադա Համբարչյանը՝ «Կաթիլ» ֆոլկ խմբի հետ, դիրիժոր Մարինե Ալավերդյանը՝ «Դիվիզի» երգչախմբի հետ, կոմպոզիտոր, կոնտրաբասահար Դավիթ Գյոդակյանն իր ջազ բենդի հետ, երգիչ, երգահան, կիթառահար Վախթանգ Հարությունյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը՝ Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» երգչախմբի հետ, լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը, ռոք երաժիշտ Արիկ Գրիգորյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը՝ «Լույս» վոկալ հնգյակի հետ, պրոդյուսեր Ալեքսանդր Հակոբյանը՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ, և դաշնակահար Արմեն Մանասյանը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Մարի Դանիելյանի և Էլեն Խաչիկյանի հետ:

Դասախոսությունները պարտադիր ուղեկցվում են կենդանի համերգներով և վարպետության դասերով: Աշակերտները հնարավորություն են ստանում ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ծանոթանալու տվյալ հյուրի արվեստին, գործունեությանը: Բոլոր հանդիպումները տեսանկարահանվում են, պատրաստվելու են նաև հեռուստահաղորդումներ՝ ծրագրի լսարանը անհամեմատ ավելի ընդգրկուն դարձնելով: Նշենք, որ հեռուստահաղորդումներում, բացի բուն հանդիպման հատվածից և հարցուպատասխանի բաժնից, ավելացել է ևս մեկ բաժին՝ բլից հարցեր, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու արվեստագետին նաև այլ տեսանկյուններից:

Հարկ է նշել նաև, որ հանդիպումներն անցնում են չափազանց ակտիվ և խանդավառ մթնոլորտում: Աշակերտները ոգևորված են, արվեստագետները՝ ուրախ՝ տեսնելով ապագա սերնդի ոգևորությունն ու սերը արվեստի հանդեպ: Բոլոր դասախոսությունները սահմանված ժամանակից գրեթե կրկնակի երկար են տևում. աշակերտների հարցերը շատ են, իսկ բանախոսները չեն ուզում անպատասխան թողնել ոչ մեկին: Հանդիպման ավարտից հետո ծրագրի ֆոտոպաստառի մոտ պարզապես հերթեր են գոյանում, բոլորն անխտիր ուզում են նկարվել սիրելի արվեստագետի հետ:

Տեղեկացնենք նաև, որ ծրագրի շրջանակում հանդիպում-քննարկումներին մասնակցելու են 50 արվեստագետներ: Յուրաքանչյուր հանդիպմանն ընդառաջ պատրաստվում է տվյալ արվեստագետին նվիրված ճանաչողական տեսահոլովակ: Հանդիպում-քննարկումները ունենում են հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ բացահայտվում են արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում