Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձանց հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ. տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Այդ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների հիմնական նպատակն է՝ օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: Ինչպես գիտեք, շփումների ավանդական ձևը Կարմիր խաչի նամակներն են: Վերջին իրադարձությունների կապակցությամբ իշխանությունների համաձայնությամբ նաև հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հեռախոսազանգերի միջոցով, գործարկել նաև կապի այլ միջոցներ: Զանգերի հնարավորություն, այո՛, տրվել է որոշ դեպքերում»,- ասել է Զառա Ամատունին:
Նա նաև տեղեկացրել է՝ ԿԽՄԿ գործունեությունը տարածաշրջանում ընդլայնվել է: Գրասենյակներ են բացվել Իջևանում ու Գորիսում: «Տարածաշրջանի՝ Երևանի, Լեռնային Ղարաբաղի, Բաքվի գրասենյակներում ընդլայնվել է ԿԽՄԿ կազմը, նոր գրասենյակները բացվել են՝ հաշվի առնելով խնդիրները, որոնք կարող են առաջանալ սահմանամերձ համայնքներում: Տարածաշրջանի համար մեր բյուջեն զգալի աճել է՝ հասնելով այս տարվա համար մոտ 47 միլիոն շվեյցարական ֆրանկի»,- ասել է Ամատունին:
Կարծիքներ