Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ ԱՆԻՖ-ի գործով իրեն առնչվող իրավական գործընթաց չկա

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ ԱՆԻՖ-ի գործով իրեն առնչվող իրավական գործընթաց չկա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերքել է մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերը, թե ԱՆԻՖ-ում (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում նաև իրեն առնչվող իրավական գործընթացներ կան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանը թեմային անդրադարձել է լրագրողների հետ զրույցում։  

«Եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր գործողությունները կառուցենք, կարծում եմ, որ շատ սխալ տեղում կլինենք։ Իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- ասել է Ավինյանը։ 

Հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ավինյանը պատասխանել է. «Մտերիմ»։ 

2025 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում»՝ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, որի  նախաքննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։  Նշվում է, որ քրեական վարույթը հարուցվել է  Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո:  

ԱՆԻՖ-ը հիմնադրվել էր 2019 թվականին, իսկ 2024 թվականի մայիսին ՀՀ կառավարության որոշմամբ այն լուծարվեց։ Տիգրան Ավինյանը հիմնադրման պահից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր։  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում