Աղաջանյանն ու Կոպիրկինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Ողջունելով դեսպանին՝ բարձր գնահատեցի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և դրանց շարունակական զարգացումը, հատկապես` դրանց հիմքում մշտապես եղած փոխըմբռնումը և վստահությունը։
Դեսպանը շնորհավորեց ինձ հանձնաժողովի նախագահ ընտրվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։
Քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, միջպետական, միջկառավարական և տարածաշրջանային համագործակցության առնչվող հարցեր։
Գոհունակություն հայտնեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, հատկապես ռուսական կողմի ջանքերի վերաբերյալ՝ միտված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Տվյալ համատեքստում անդրադարձա Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին և եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին։
Նշեցի, որ օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք։
Դեսպանը իր հերթին նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Ինչպես նաև, ընդգծեց կողմերի միջև գերիների փոխանակման օգտին `«բոլորը բոլորի դիմաց» ռուսաստանյան սկզբունքի կարևորությունը։
Նշեցի, որ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում զարգացող իրադարձությունները ընդգծելու են գալիս մեր պետությունների միջև բարեկամական փոխգործակցության կարևորությունը։
Քննարկեցինք համագործակցությունը և գալիք աշխատանքները ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և մի շարք այլ կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում։
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց երկու պետությունների՝ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հետագա խորացումը ամենատարբեր ոլորտներում»,- գրել է Աղաջանյանը։
Կարծիքներ