Զբոսաշրջության ոլորտում անցկացվելու են կադրերի նախապատրաստական դասընթացներ
Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկամյա կրթական ծրագիր է նախաձեռնել հյուրանոցային բիզնեսի կառավարման բնագավառում՝ ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտը վերականգնելու և ավելի զարգացնելու համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:
«Ծրագիրը լավ հնարավորություններ է ընձեռում հատկապես հյուրանոցային ոլորտում աշխատող անձանց համար: Անհրաժեշտ է օգտագործել այս ժամանակը, երբ զբոսաշրջային առումով պասիվ է, որպեսզի ոլորտի մասնագետները կատարելագործեն իրենց հմտությունները: Այս ծրագրին կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում մասնագիտական կարիերայի աճով: Ծրագիրը տևելու է 1 տարի՝ 2 կիսամյակ»,- նշեց Զեյթունցյանը:
Ծրագիրն իր մեջ ներառում է նախապատրաստական փուլ, որտեղ կընդգրկվեն այն ուսանողները, որոնք այսօր աշխատում են հյուրընկալության ոլորտում, բայց չեն ունեցել ակադեմիական կրթություն: Զեյթունցյանը շեշտեց, որ տվյալ ոլորտում ակադեմիական կրթություն չունեցողները սովորելու են հաշվապահություն, կառավարում, անգլերեն, հաղորդակցություն, մաթեմատիկա:
«Այս ամենից հետո նրանք կսկսեն ուսումնասիրել գործառնական կառավարման ծրագիրը, հյուրընկալության գնագոյացում և վաճառքներ, հյուրընկալության մարքեթինգ, կորպորատիվ հաղորդակցություն և ռազմավարական, ֆինանսական պլանավորում: Մեկ տարում ուսանողները հյուրանոցային ոլորտի հետ կապված կստանան լուրջ հմտություններ և գիտելիքներ: Դասավանդելու են Ամերիկյան համալսարանի լավագույն դասախոսները, ինչպես նաև արտասահմանից ներգրավված կադրեր»,- ասաց ծրագրի ղեկավարը:
Զեյթունցյանի խոսքով՝ այն մշակվել է համագործակցելով ՀՀ-ի հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ, որոնց հետ հանդիպումներ են տեղի ունեցել:
Հյուրանոցային բիզնեսի գործող աշխատակիցների համար ուսման վարձավճարների մինչև 90 տոկոսի չափով սուբսիդավորում է նախատեսված: Զեյթունցյանը շեշտեց, որ ավարտական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի մարզերից մեկում: Մասնակիցները ռազմավարական ծրագիր են գրելու՝ մի քանի հյուրանոցի համար, իսկ դասընթացների ավարտից հետո ստանալու են մագիստրատուրայի շրջանավարտի որակավորում:
Զարմինե Զեյթունցյանը նաև ընդգծեց, որ Ամերիկյան համալսարանը համագործակցում է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ` Հայաստանում 100 քիչ հայտնի հնագիտական հուշարձանների մասսայականացման ուղղությամբ, որոնք ապագայում կարող են զբոսաշրջային պրոդուկտ դառնալ:
Կարծիքներ