Ջիմ Կոստան հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կիրառել Ադրբեջանի վրա ունեցած լծակները այդ երկրի դատապարտելի արարքների ժամանակ
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի օգտագործել Ադրբեջանի վրա ունեցած լծակները, երբ Ադրբեջանը խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ Հայաստանի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջիմ Կոստան այս մասին ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
«Ես չեմ կարծում, որ մենք օգտագործել ենք մեր լծակներն Ադրբեջանի վրա, երբ նրանք խախտել են Հայաստանի հետ իրենց շատ պայմանավորվածություններ։ Ես նկատի ունեմ այն պաշտպանական համաձայնագիրը, որ մենք ունենք նրանց հետ։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արել է Ադրբեջանը, դատապարտելի է»,- ասել է Կոստան։
Կոնգրեսականն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը։ Նա նշել է, որ այն, ինչ Ադրբեջանն արել է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի հետ, դուրս է բարոյականության բոլոր պատկերացումներից։
Կոստան հավելել է, որ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնելու համար նախատեսված աջակցությունը 15 միլիոն դոլարից բարձրացրել և հասցրել է 65 միլիոն դոլարի, սակայն շեշտել է, թե Հայաստանը լրացուցիչ 200 միլիոն դոլարի աջակցություն է խնդրել, ինչի վերաբերյալ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը նամակ է հղել պետքարտուղարին։
Ի պատասխան կոնգրեսականի դիտարկումների՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ լավագույն բանը, որ կարող է տեղի ունենալ, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունն է խաղաղության պայմանագրի շուրջ։ Նա նշել է, որ դա լավագույն ձևով կանդրադառնա թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի վրա։
Ջիմ Կոստան իր հերթին հայտարարել է, որ այդ հարցում իր և պետքարտուղարի դիրքորոշումները տարբերվում են․ «Պարոն պետքարտուղար, ենթադրում եմ, այս հարցում մեր դիրքորոշումները տարբերվում են, ես Ադրբեջանին չեմ վստահում»,- հայտարարել է Կոստան։
Էնթոնի Բլինքենը իր հերթին նշել է․ «Ինչպես ինչ-որ մեկը մի ժամանակ ասել է՝ վստահիր, բայց ստուգիր»։
Կարծիքներ