Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ անկարգությունների դեպքի առթիվ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2022թ. մայիսի 30-ին «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, խուլիգանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ անկարգություններին մասնակից անձանցից 9-ի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ:
Քննությամբ պարզվել է նաև, որ Արարատի մարզի՝ 35-ամյա բնակիչը, մասնակցելով զանգվածային անկարգություններին, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, չենթարկվելով և հակադրվելով ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյել է ոստիկաններին և բռունցքներով հարվածներ հասցնելով՝ բռնություն գործադրել նրանցից մեկի նկատմամբ, և միայն ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում է հնարավոր եղել կասեցնել ու խափանել հիշյալ բնակչի ու զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հակաիրավական գործողությունները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասը քրեական վարույթից անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը «Դիմադրություն» շարժման նախաձեռնությամբ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպվել էր հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները գնացել էին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենք: Նույն օրը՝ ժամը 11:30-12:00-ի սահմաններում, ընդդիմադիր պատգամավորները ցանկացել էին մուտք գործել մասնաշենք, սակայն հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել էին, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել նրանց:
Այնուհետև, հավաքի մասնակիցներից մի քանիսը, զանգվածային անկարգությունները կազմակերպած, գործով դեռևս ինքնությունները չպարզված անձանց դրդմամբ և ուղղորդմամբ, շարժվել էին դեպի նշված մասնաշենքի մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշի ուղղությամբ և չենթարկվելով ու հակադրվելով նախարարությունների շենք մուտք չգործելու, տարածքն ազատելու՝ ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սպառնալով հասարակական անվտանգությանը՝ բռնություն էին գործադրել ոստիկանների նկատմամբ, ճեղքել պատնեշը, կոտրել էին մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք էին գործել մասնաշենքի նախասրահ, ինչպես նաև՝ վնասել հարակից տարածքում կայանված ավտոմեքենաները:
Հավելենք, որ երկու մեղադրյալի մասով ևս ավարտվել է նախաքննությունը, իսկ մյուս մեղադրյալների, ինչպես նաև՝ դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ