Գողություն՝ հեռախոսների խանութից. մեկ անձ ձերբակալվել է (լուսանկարներ)

Գողություն՝ հեռախոսների խանութից. մեկ անձ ձերբակալվել է (լուսանկարներ)

2021թ. հոկտեմբերի 28-ին` ժամը 05:30-06:30-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապակին կոտրելու, այնուհետև ճաղավանդակը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Երևանի Կոմիտաս փողոցում գործող խանութ սրահ, որտեղից հափշտակել են տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ, ժամացույցներ, ականջակալներ, ինչպես նաև դրամարկղից հափշտակել են գումար ու դիմել փախուստի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժինը, նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են վերջիններիս,  և փախուստի ընթացքում նրանցից մեկը բռնվել է ու բերման ենթարկվել: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վերջինիս ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990թ.:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

31-ամյա տղամարդը ձերբակալվել է: 

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու, ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում