Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսն Արգենտինայից վերադարձավ հայրենիք
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը երկուշաբթի Արգենտինայից վերադարձավ հայրենիք, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով լատինամերիկյան լրատվամիջոցները:
Մորալեսը հատեց Բոլիվիայի հետ սահմանը նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կողմից իր պատվին կազմակերպված արարողությունից հետո: Սահմանի երկու կողմերում հավաքվել են նրա մեծ թվով կողմնակիցները:
«Այսօր իմ կյանքի ամենակարեւոր օրերից մեկն է, ես վերադառնում եմ մի երկիր, որը սիրում եմ, եւ դա ինձ ուրախությամբ է լցնում»,- գրել է Մորալեսը Twitter-ում:
Մորալեսը ղեկավարել է Բոլիվիան 14 տարի` մինչեւ 2019 թվականի նոյեմբերը, երբ ստիպված եղավ պաշտոնաթող լինել եւ, ի վերջո, լքել երկիրը նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի ընթացքում խարդախությունների փաստերի հետ կապված բողոքի ցույցերի ֆոնին:
Մորալեսի վերադարձը Բոլիվիա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ արտահերթ նախագահական ընտրություններում հաղթեց նրա համակուսակից, «Շարժում հանուն սոցիալիզմի» կուսակցության ներկայացուցիչ Լուիս Արսե Կատակորան, որի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ կիրակի օրը: Մորալեսի կառավարությունում Լուիս Արսեն զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
Կարծիքներ