Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի ու Զելենսկիի հետ

Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի ու Զելենսկիի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ կոչ է արել Ուկրաինայում շուտափույթ դադարեցնել կրակը և բարելավել այնտեղ հումանիտար իրավիճակը, որից հետո խոսել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը։

«Կանցլեր Շոլցն այսօր կրկին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հետաքրքրվել Ռուսաստանի և Ուկրաինայի ջանքերի ներկա վիճակի մասին՝ հակամարտության դիվանագիտական լուծման հասնելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ կանցլերը կոչ է արել շուտափույթ զինադադարի որոշում ընդունել:

Այնուհետ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և հետաքրքրվել բանակցային գործընթացի վերաբերյալ նրա գնահատականով: Նրանք պայմանավորվել են  շարունակել սերտ շփումները:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարների հեռախոսազրույցից հետո հայտնել էր, որ «ուշադրությունը կենտրոնացած է ռուս և ուկրաինական ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների խնդիրների վրա»։

 «Վլադիմիր Պուտինը մի շարք նկատառումներ է նախանշել այս բանակցություններում Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշման համատեքստում»,- ասվում էր հայտարարության մեջ։

Առաջնորդները վերջին անգամ հեռախոսով զրուցել են մարտի 18-ին։ Ընդհանուր առմամբ, Պուտինն ու Շոլցն այս ամիս վեց անգամ զանգահարել են միմյանց (զանգերից երկուսին մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը)։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքը, ինչպես նաև կողմերի բանակցությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում