Ինչպես պետք է երթևեկեն հեծանվորդներն ու մոպեդների վարորդները․ լրացուցիչ պահանջներ կան սահմանված
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24․2 հոդվածով սահմանված են հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության լրացուցիչ պահանջները։
Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝
1. 14 տարեկանից բարձր տարիք ունեցող հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:
2. 14-ից բարձր տարիքի հեծանվորդների երթևեկությունը թույլատրվում է`
1) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.
ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով երթևեկելն անհնար է,
բ. հեծանիվի, հեծանվակցորդի կամ տեղափոխվող բեռի եզրաչափային լայնությունը գերազանցում է 1 մ-ը,
գ. հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է շարասյան մեջ.
2) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով կամ երթևեկելի մասի աջ եզրով երթևեկելն անհնար է.
3) մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում.
ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով կամ երթևեկելի մասի աջ եզրով կամ կողնակով երթևեկելն անհնար է,
բ. հեծանվորդն ուղեկցում է մինչև 14 տարեկան հեծանվորդի կամ լրացուցիչ նստատեղին, հեծանվասայլակում կամ հեծանվակցորդում տեղափոխում է մինչև 7 տարեկան երեխա:
3. 7-ից մինչև 14 տարեկան հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է միայն մայթերով, հետիոտնային, հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, ինչպես նաև հետիոտնային գոտիների սահմաններում:
4. Մինչև 7 տարեկան հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է միայն մայթերով, հետիոտնային և հեծանվահետիոտնային արահետներով (հետիոտների երթևեկության համար նախատեսված կողմով), ինչպես նաև հետիոտնային գոտիների սահմաններում:
5. Երթևեկելի մասի աջ եզրով հեծանվորդների երթևեկության ժամանակ հեծանվորդները պետք է երթևեկեն միայն մեկ շարքով:
6. Հեծանվորդների շարասյան երթևեկությունը երկու շարքով թույլատրվում է, եթե հեծանիվների եզրաչափային լայնությունը չի գերազանցում 0,75 մ-ը:
7. Մեկ շարքով երթևեկության դեպքում հեծանվորդների շարասյունը բաժանվում է խմբերի` յուրաքանչյուրում 10-ական հեծանվորդ, իսկ երկու շարքով երթևեկության դեպքում` յուրաքանչյուրում 10-ական զույգ հեծանվորդ: Վազանցը հեշտացնելու համար խմբերի միջև տարածությունը պետք է կազմի 80-100 մ:
8. Եթե հեծանվորդի երթևեկությունը մայթով, հետիոտնային արահետով, կողնակով կամ հետիոտնային գոտիների սահմաններում վտանգում կամ խոչընդոտում է այլ անձանց երթևեկությունը, ապա հեծանվորդը պարտավոր է իջնել հեծանիվից և ղեկավարվել հետիոտների երթևեկության համար օրենսդրությամբ նախատեսված պահանջներով:
9. Մոպեդների վարորդները պետք է երթևեկեն երթևեկելի մասի աջ եզրով մեկ շարքով կամ հեծանվորդների համար գոտիով:
10. Մոպեդների վարորդների երթևեկությունը թույլատրվում է կողնակներով, եթե դա չի խոչընդոտում հետիոտներին:
11. Հեծանվորդներին և մոպեդների վարորդներին արգելվում է`
1) վարել հեծանիվը կամ մոպեդը առանց ղեկը բռնելու.
2) փոխադրել բեռ, որը խանգարում է ղեկավարելուն, կամ որը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5 մ-ով գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.
3) տեղափոխել ուղևոր, եթե դա նախատեսված չէ տրանսպորտային միջոցի կառուցվածքով.
4) տեղափոխել մինչև 7 տարեկան երեխայի` նրա համար հատուկ կահավորված նստատեղի բացակայության դեպքում կամ այդ նստատեղից դուրս.
5) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին.
6) հատել ճանապարհը հետիոտնային անցումներով:
12. Արգելվում է հեծանիվների և մոպեդների, ինչպես նաև հեծանիվներով և մոպեդներով քարշակումը, բացառությամբ հեծանիվի կամ մոպեդի հետ շահագործման համար նախատեսված հեծանվակցորդի կամ կցորդի քարշակման:
13. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա հեծանվորդները և մոպեդների վարորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Կարծիքներ