Գերեվարված շիրակցիերի հարազատները բոլոր ուժերին հորդորում են գերիների հարցը չքաղաքականացնել
Գերեվարված շիրակցի տղաների հարազատները բոլոր ուժերին հորդորում են գերիների հետ կապված հարցը չքաղաքականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 28-ին Շիրակի մարզպետարանում հրավիրած ասուլիսի ժամանակ, Խծաբերդում գերեվարված շիրակցի 54 տղաների հարազատները հանդես եկան հայտարարությամբ:
«Այսօրվա դրությամբ քաղաքական և ոչ քաղաքական ուժերի կողմից շոշափվում է մեր տղաների գերությունից ազատելու հարցը: Մենք և՛ քաղաքական, և՛ ոչ քաղաքական ուժերին հորդորում ենք մեր տղաների վերաբերյալ կարծիքներն ու իրենց քայլերը չկապել մեր տղաների հետ: Եթե կա ինչ-որ անձնավորություն, ով կարող է իր լուման ներդնել մեր տղաների վերադարձի ուղղությամբ, խնդրում ենք թող կատարեն այդ քայլերը, նոր խոսեն: Մենք առաջին օրվանից տեսել ենք այն մարդկանց, ովքեր պատրաստակամ են մեր կողքը լինելու ու մեզ համար քայլեր կատարելու, գիտենք նաև այն մարդկանց, ովքեր իրենց նպատակների համար շոշափում են մեր տղաների հարցը, թող նրանք զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների խնդրից ու չխոչընդոտեն մնացած աշխատանքները, որոնք կատարվում են ու պետք է կատարվեն»,-նշեցին հարազատները՝ շեշտելով՝ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն պաշտպանում ու չեն կանգնում ոչ մի քաղաքական ուժի կողքին:
Գերիների հարազատներն ընդգծեցին, որ եթե կան ուժեր, որոնք կարող են գերիների հետ բերել Հայաստան, թող դա անեն, նոր շահարկեն: «Եթե այդ ուժերն ու անհատները ունեն այդ հնարավորությունը՝ նպաստելու նրանց վերադարձին, հորդորում ենք՝ չշահարկե՛ք. կատարող մարդը քայլերը կգործի ու կապացուցի»:
Ասուլիսի ժամանակ հարազատները առանձնացրին Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունը: «Շահարկումները եղել են Արթուր Վանեցյանի կողմից. մենք հորդորում ենք նրան՝ ունես այդ հնարավորությունը՝ կատարի, նոր խոսի: Եթե կարող ես 3 օրում գերիներին բերել, բեր թեկուզ 1 շաբաթում, ոչ թե աթոռի համար երեխաներին դարձրել եք առևտուր»,-նշեցին հարազատները՝ կարևորելով գերիների վերադարձի հետ կապված գործընթացը:
«Չենք բացում ոչ մի փակագիծ, բայց մենք լավ գիտենք՝ այդ գործընթացում ով է ներգրավված ու ով ինչ քայլ է կատարում: Այսօրվա դրությամբ այն 70 տոկոս գործընթացը, որը կատարվել էր մինչ այս՝ տղաների վերադարձի ուղղությամբ, իրենք նորից դարձրեցին զրո։ Եթե այսօրվա դրությամբ գերիներին բերելու հնարավորություն ունեցող անձը չի համագործակցում պատկան մարմինների հետ, որը լիազորված է տղաների վերադարձի համար միջնորդությունների, մենք մտածում ենք, որ դրա նպատակը ուրիշ է, իսկ հետևանքի մասին մենք չպետք է դատենք, այլ դրա համար կան համապատասխան մարմիններ: Խոսքը միայն Շիրակի մարզի այն 62 տղաների մասին չէ, որոնցից 8-ը վերադարձել է, այլ՝ բոլոր»,- նշեցին հարազատները՝ պահանջելով իրենց հետ հանդիպման՝ Գյումրի գալ ՀՀ ու Արցախի նախագահներին: «Թող գան Գյումրի ու մեր տղաներին չդարձնեն քաղաքական դաշտ: Մեզ շահարկում պետք չէ, մեզ պետք են հստակ քայլեր»,- ավելացրեցին հարազատները:
Կարծիքներ