Ֆիլիպինների տարածքի առաջին բնակիչները «մեղադրվում են» Եվրասիայի ամենամեծ առնետների ոչնչացման մեջ

Ֆիլիպինների տարածքի առաջին բնակիչները «մեղադրվում են» Եվրասիայի ամենամեծ առնետների ոչնչացման մեջ

Ֆիլիպինների Լուսոն կղզում հնէաբանները հայտնաբերել են նախկինում անհայտ հսկա բարակապոչ երկու առնետների մնացորդներ: Գիտնականները կարծում են, որ դրանք ամբողջությամբ ոչնչացվել են արշիպելագի առաջին բնակիչների կողմից 2-4 հազար տարի առաջ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Mammalogy-ում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս երկու տեսակներն էլ անհետացել են մոտ երկու հազարամյակ առաջ և, ըստ երեւույթին, ոչ պատահական: Միևնույն ժամանակահատվածում, տեղանքի մշակութային շերտերում հայտնվել են խեցեղենի բեկորներ, նեոլիթյան գործիքներ և ընտելացված խոզերի և շների ոսկորներ: Հաստատ չենք կարող ասել, բայց թվում է, որ կղզու առաջին բնակիչները մասնակցել են այս կրծողների ոչնչացմանը»,- ասել է Ֆիլիպինների համալսարանի պրոֆեսոր Արմանդ Միյարեսը:

 

Այսպես կոչված բարակապոչ առնետները (Phloeomys) մկների ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչներն են Եվրասիայում: Այս կրծողների ժամանակակից տեսակների ներկայացուցիչները հասնում են 2-2,5 կգ և 75 սմ երկարության: Նրանք ապրում են միայն Լուսոն կղզում: Բարակապոչ առնետները բրնձի դաշտերի հիմնական վնասատուներից են, այդ իսկ պատճառով ֆերմերները ակտիվորեն պայքարում են դրանց դեմ: Կղզու որոշ նահանգներում մարդիկ ամբողջությամբ ոչնչացրել են բարակապոչ առնետներին: Բացի դրանից, լեռների բնակիչները որսում են այս կրծողներին մսի համար: Միյարեսը և նրա գործընկերները ենթադրում են, որ առնետների մի քանի տեսակներ արդեն անհետացել են կղզուց՝ նախկինում կատարված նման որսի պատճառով:

 

Նրանք ուսումնասիրել են Կալաո քարանձավային համալիրը, որտեղ վերջերս հայտնաբերվել էին հին մարդկանց (Homo luzonensis) ոսկորներ: Սկզբնապես նրանք հույս ունեին գտնել այս տեսակի գոյության նոր հետքեր, բայց փոխարենը հայտնաբերեցին առնետների նախկինում անհայտ երեք տեսակների բազմաթիվ ատամներ և ոսկորների բեկորներ: Պարզվել է, որ այդ ոսկորները նախկինում էլի են հայտնաբերվել. գիտնականները դրանք գտել են Ֆիլիպինների թանգարանների պահեստներում:

Այլ պեղումները ցույց են տալիս, որ մարդկանց՝ կղզի հասնելուց հետո հարթավայրում ապրող շատ այլ կենդանիների տեսակների բազմազանությունը կտրուկ նվազել է: Գիտնականները հույս ունեն, որ հետագայում ուսումնասիրելով այդ կրծողների ճակատագիրը՝ կարելի է կանխել բարակապոչ առնետների ժամանակակից տեսակների ոչնչացումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում