Նստում ենք ավտոբուս, ուզում տաքսու արագությամբ շարժվել․ երկրի 95 տոկոսը փորձագետ է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ ավելի է համոզվում՝ «նստում ենք ավտոբուս ու ուզում ենք, որ տաքսու արագությամբ շարժվենք»։
«Ոնց մտածում եմ՝ պետության ու ապապետության միջև ամեն ինչ ճեղքում է ու այդպես էլ չենք կարողանում այդ ճեղքը լցնել»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։
Ըստ վարչապետի՝ Հայաստանում 95 տոկոսն Իսրայելի ու Սինգապուրի հարցով փորձագետ է։
«Ինչ խոսում ես, մեկ էլ լինում են հազարավոր մեկնաբանություններ՝ Իսրայելում այսպես է, Սինգապուրում այդպես է... ժողովո՛ւրդ, կներեք, այս խոսույթները նշանակում են մեր վերաբերմունքի անլրջությունը, որովհետև, եթե պաշտոնական քննարկումների ժամանակ որևէ մեկը որևէ երկրի օրինակ ու անուն տալիս է, ինքը, գոնե, պետք է նվազագույն գիտելիքներ ունենա, թե ինչի մասին է խոսում։ Ես, առաջին հերթին, խոսում եմ իմ մասին, որովհետև ես այս հանրության մի մասն եմ, մենք պետք է ինքնահայեցում անենք»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա ասաց, թե Հայաստանում բոլորը նշանակում է՝ «բացի սրանից, սրանից, սրանից ու սրանից»։
«Մենք այսպես պետություն չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում։ Երթևեկության կանոնը վերաբերվում է նրան, ով «կրուտոյ» չի։ Ուրեմն՝ ինչքան այս կյանքում չունես արած, որ ստիպված ես օրենքով ապրել, ո՞նց, մանկապարտեզ, դպրոց, բուհ, աշխատավայր, վերջը քուչա կա, կնունք ու ծնունդ կա, էդքան չունե՞ս արած, որ բացառություններ ունենաս»,- ընդգծեց Փաշինյանը։
Կարծիքներ