Երևանում հեղեղատար համակարգը բավական հին և մաշված է, էական ներդրումների կարիք կա. Ավինյան

Սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքի բազմաթիվ հասցեներում ջրի կուտակման դեպքերը ևս մեկ անգամ վկայեցին, որ Երևանն ունի թերի կառուցված հեղեղատարների համակարգ, լուրջ վերակառուցման անհրաժեշտություն է զգացվում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Մենք գույքագրել ենք ամբողջ քաղաքը, բոլոր այն թաղամասերը, որտեղ չկան հեղեղատարներ, կամ՝ եղածը ենթակա է վերակառուցման: Գույքագրման ընթացքում ևս ակնհայտ էր, որ շատ հատվածներում այլևս չի բավարարում թողունակությունը։ Բոլոր հետևանքներն այս պահին վերացված են, բոլոր ստորգետնյա անցումները մաքրված են»,-ասաց Արեյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով խնդրին, ընդգծեց՝ համաձայն է, որ հեղեղատար համակարգը բավական հին և մաշված է։
«Այդտեղ էական ներդրումների կարիք կա։ Այդ ներդրումները կարվեն, հենց այս շաբաթ Կառավարությունում այդ թեմայով քննարկում ունենք։ Հիշեցնեմ, որ փաստացի 2 տարի է՝ Երևան քաղաքը կոյուղի է կառուցում։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են, և ամբողջ աշխարհում տարբեր քաղաքներում այս նույն խնդիրները առաջանում է: Այս պարագայում շատ կարևոր է, որ մենք այս ինֆորմացիան նաև գրագետ ձևով մատուցենք, որովհետև կարևոր է հասկանալ, թե ինչպես պետք է մարդիկ գործեն նմանատիպ ֆորսմաժորների դեպքում, իրազեկման տեսանկյունից անելիք ունենք »,-ասաց Տիգրան Ավինյանը։
Կարծիքներ