Պատերազմի ընթացքում զոհվել է 28 ոստիկան, վիրավորվել է՝ 150-ը. ՀՀ ոստիկանություն
Արցախի Հանրապետության դեմ ծավալած ադրբեջանա-թուրքական զորքերի ու վարձկան ահաբեկիչների լայնածավալ ռազմական գործողությունների առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնել է ռազմաճակատ։
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նրանք մասնակցել են Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։
Ծանր մարտեր են մղել հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցել են 2 զոհ, 26 վիրավոր, և անհետ կորած է համարվում 42 ծառայող։
«Չափազանց կարևոր էին նաև ոստիկանության զորքերի հատուկ միջոցառումները՝ հայտնաբերելու և չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք։ Հայրենիքի պաշտպանությանն են միացել նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։ Մի քանի հերթափոխով Արցախ է մեկնել ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացել են 26-ը, վիրավորվել 124-ը և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։ Ցավոք, պատերազմի ողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվեցին 150-ը, և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։ Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած մեր բոլոր հայորդիներին»,-ասված է Ոստիկանության հարղորդագրությունում:
Նշվում է, որ դրանից բացի, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։ Կանխվում և բացահայտվում էին հանցագործություններ, պահպանվում էր հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության, իրականացվում էր հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես և ոստիկանները ներգրավված էին զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին և այլն։
«Միաժամանակ, ցավոք, ոստիկանական մեծաքանակ ուժերի՝ առաջնագծում գտնվելու պատճառով հնարավոր դարձան նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունները։ Վստահեցնում ենք, որ դրանց բոլոր կազմակերպիչներն ու հեղինակները հայտնաբերվելու են և ենթարկվելու են պատասխանատվության»,-նշված է հաղորդագրությունում:
Կարծիքներ