Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա առթիվ

Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա առթիվ

Հունիսի 21-ին աշխարհում նշվում է բուժաշխատողների միջազգային օրը։ Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա մասնավորապես գրել է.

«Այսօր բուժաշխատողի օրն է: 

«Բժշկությունը ամենաազնիվն է բոլոր արվեստների մեջ»:

Դասական բժշկության հիմնադիր Հիպոկրատին վերագրվող այս խոսքերն առավել արդիական են համավարակի այս օրերին, երբ մեր բժիշկները անասելի նվիրումով նետվել են վարակի դեմ պայքարի ճակատ՝ մարդկայնության, արհեստավարժության ու կամքի փայլուն օրինակ ցույց տալով մեզ բոլորիս:

Այս օրերին նաեւ Երեւանի համայնքային ենթակայության ավելի քան երեք տասնյակ բուժհիմնարկներն են լծված վարակի դեմ պայքարին, դրան զուգահեռ՝ կատարում են իրենց առօրյա գործառույթները: Համայնքը ամեն ինչ անում է ու շարունակելու է անել՝ նրանց համար բուժաշխատողի բարձր կոչմանը վայել աշխատանքային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: 

Շնորհավորում եմ առողջապահության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին՝ բուժքույրերին ու բուժեղբայրներին, սանիտարներին ու շտապօգնության ծառայության վարորդներին, ախտորոշող բժիշկներին, բուժող բժիշկներին, ընտանեկան բժիշկներին, դեղագործներին, բժշկական ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական կազմին, հանրային առողջապահության կազմակերպիչներին՝ նախարարից սկսած, մինչեւ առաջնային բուժօգնության հիմնարկների՝ պոլիկլինիկաների ղեկավարներն ու անձնակազմը: 

Մեր խոնարհումն ու երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ:
Շնորհակալություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում