ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութը հրապարակած ՀԿ-ի ղեկավարի վերաբերյալ

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութը հրապարակած ՀԿ-ի ղեկավարի վերաբերյալ

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ ի լրումն 2025 թվականի հունվարի 31-ի հայտարարության:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ․-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ․-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»:

Հիշեցնենք՝ հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածվել և լայն արձագանք էր գտել տեսանյութ, որտեղ մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» են երգում:

ԱԱԾ-ն պարզաբանում էր տարածել՝ հայտնելով, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում