Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը նվազել է 4 անգամ
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2020-ին, չնայած կորոնավիրուսի ռիսկին, մահերի թիվը նվազել է 4 անգամ: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի այն հատվածի ներկայացմանը, որը վերաբերում է մարդու իրավունքներին:
Խոսելով քրեակատարողական համակարգում բուժօգնության որակի բարձրացման մասին՝ նախարարն ասաց. «Նույնիսկ կորոնավիրուսի ռիսկերի առկայության պայմաններում նախորդ տարիների համեմատությամբ մահացությունների թիվը զգալիորեն նվազել է: 2020-ին գրանցվել է մահվան ընդամենը 5 դեպք, այն դեպքում, երբ 2019-ին գրանցվել էր 21 դեպք: Այսինքն՝ քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը նվազել է 4 անգամ»:
Նախարարությունը համեմատել է նաև 2018, 2017, 2016 թթ. հետ, համեմատել է նաև դատապարտյալների քանակ-մահացություն հարաբերակցության կոնտեքստում, արդյունքում մահերի ամենացածր թիվը եղել է 2020-ին: «Մենք շարունակում ենք ուշադրություն դարձնել այս հարցին, որ հնարավորինս բացառվեն մահվան դեպքերը քրեակատարողական համակարգում»,-վստահեցրեց Բադասյանը:
Նախարարի խոսքով, սակայն, դատապարտյալների զբաղվածության, այսինքն՝ աշխատանքով ապահովումը դեռևս մնում է ամենալուրջ խնդիրը՝ դատապարտյալների վերասոցիալականացման բնագավառում: «Դրա մասով մենք մի շարք ծրագրեր ենք քննարկում իրականացնելու համար: Բայց պետք է ընդունեմ, որ աշխատանքում ներգրավելու մասով լուրջ խոչընդոտներ ունենք, որոնք հիմնականում օբյեկտիվ բնույթ ունեն: Եվ շարունակում ենք քննարկումները, թե ոնց կարող են այդ խնդիրը լուծել»,-նշեց Բադասյանը:
Կարծիքներ