Վարչապետը ձևավորել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման հարցով աշխատանքային խումբ

Վարչապետը ձևավորել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման հարցով աշխատանքային խումբ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի –Հորադիզ երկաթուղու կառուցման, վերականգնման մասին երկաթուղու գործարկման վերաբերյալ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, թղթին արձանագրումն ու ստորագրումը, Փաշինյանն արդեն ձևավորել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

Պապոյանը հիշեցրեց, 2021-ի դեկտեմբերին ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ կապված: Նա հետաքրքրվեց այդ ուղղությամբ զարգացումներից, նաև ճանապարհների ապաշրջափակման գործընթացից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ հայտարարել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի –Հորադիզ երկաթուղու կառուցման, վերականգնման մասին: «Վերադառնալուց անմիջապես հետ ես տվել եմ համապատասխան հանձնարարականներ: Նաև աշխատանքային խումբ եմ ձևավորել, որը արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով»,-ասաց վարչապետը:

Վերջերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարի հետ: «Մենք արդեն հիմա քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և կառուցման աշխատանքների ֆինանսավորման մասին»,-ասաց Փաշինյանը:

Սակայն, այդ ընթացքում կա մի կարևոր գործողությունը, որն ըստ Փաշինյանի պետք է արվի: Դա Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումն է: «Նկատի ունեմ՝ կամ երկկողմ, կամ եռակողմ, կամ որևէ ֆորմատով դա պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի: Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոնների համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն: Եվ մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է կպնեն իրար: Միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու: Եվ այս ամենը շատ կարևոր է, որ մենք հնարավորինս արագ դե յուրե արձանագրենք, ստորագրվի դա, եթե փաստաթուղթը կլինի այնպիսին, որ վավերացման անհրաժեշտություն կլինի: Չնայած մեր գնահատականն այն է, որ երևի թե չի լինի, բայց խորհրդարանում վավերացվի»,-ասաց Փաշինյանը:

Իսկ ինչ վերաբերում է ճանապարհներին՝ նա ասաց, որ Բրյուսելում, Սոչիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձևակերպել են առաջարկներ, այդ առաջարկները փոխանցվել են ադրբեջանական կողմին, նաև Ռուսաստանի գործընկերներին, միջազգային գործընկերներին: «Եվ Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես մենք պատրաստ ենք արդեն իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթաց»,-ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հավելեց. «Ավտոճանապարհների և երկաթուղիների նախագիծը մենք անվանում ենք հայկական խաչմերուկ, որովհետև այստեղ մենք ըստ էության գործ ունենք հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ: Եվ այդ խաչմերուկի գործադրումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում