«Դասարանցիները» ֆիլմը կարող եք դիտել «Նաիրի», «Հայաստան», «Կինոպարկ» կինոթատրոններում
«Դասարանցիները» ֆիլմը կարող եք դիտել «Նաիրի», «Հայաստան», «Կինոպարկ» կինոթատրոններում
3 Դեկտեմբեր 2020 | 14:40
2020 թվականի մարտի 5-ին էկրան բարձրացավ Տիգրան Նալչաջյանի «Դասարանցիները» ֆիլմը։ «Դասարանցիները» պատանիների միջանձնային հարաբերությունների, նրանց անհանգստացնող հարցերի, սիրո և մոտիվացիայի մասին է։ Նախքան պանդեմիան և պատերազմական շրջանը՝ ֆիլմը ցուցադրվում էր բոլոր կինոթատրոններում (Երևանում, Գյումրիում, Կապանում և Քաջարանում)։
Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Տիգրան Նալչաջյանը Freenews.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ֆիլմը շարունակվում է ցուցադրվել «Նաիրի», «Հայաստան», «Կինոպարկ» կինոթատրոններում։
«Հուսանք կբացվի նաև «Մոսկվա» կինոթատրոնը և այնտեղ էլ կցուցադրվի։ Ֆիլմի սցենարը գրվել է 2018թ.-ին, նկարահանել ենք 2019-ին: Հիմնականում պատանի դերասաններ են, այդ թվում արդեն բավական մեծ ճանաչում ունեցող Ստեփան Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նկարահանվել են նաև ճանաչված դերասաններ Ռոբերտ Հակոբյանը, Սահակ Դուրյանը, Մարգարիտա Հունանյանը և ուրիշները։ Ես խաղում եմ դասղեկի դերը, ով մարզիկ է, մասնակցում է անօրինական գաղտնի մարտերի և լրիվ պատահական է դառնում դասղեկ։ Որից հետո շատ դրամատիկ զարգացումներ և ավարտ է սպասվում»,- նշում է Նալչաջյանը։
«Դասարանցիները» ֆիլմը պատմություն է դպրոցական սիրո, իսկական ընկերության և դասարանի համախմբվածության մասին: Ֆիլմը սկսվում է նրանով, որ դասարանի աշակերտները որոշում են գնալ տնօրենի մոտ և հրաժարվել իրենց դասղեկից, ով ի զարմանս իրենց արդեն հեռացված և նույնիսկ ձերբակալված: Օրեր անց գալիս է նոր դասղեկ, երիտասարդ տղամարդ, ով սակայն պարզվում է, որ կապ չունի մանկավարժական աշխատանքի հետ: Իրադարձությունները սկսում են շատ արագ և հետաքրքիր զարգանալ և գնալ դեպի անսպասելի հանգուցալուծում:
Կարծիքներ