Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը, գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը, «Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հետազոտական թիմին՝ նշելով. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը պետության հետևողական քաղաքականության արդյունք է: Այն տարբեր գերատեսչությունների համակարգմամբ իրականացվող տևական աշխատանք է: Գործընթացի կարևոր մաս է մեծածավալ գիտահետազոտական աշխատանքը, որի ընթացքում հայտը պատշաճ նախապատրաստվում է՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»:

Նախարարի խոսքով թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ժառանգության հանրահռչակման, հատկապես միջազգային հարթակներում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում գրանցելու նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվում: Նրա տեղեկացմամբ՝ գրանցվել է Գյումրու դարբնության ավանդույթը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն, մեկնարկել է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրի, Որոտան գետի կիրճի հուշարձանախմբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու գործընթացը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ պետական բյուջեում առանձին տող է հատկացվել հայտերի պատրաստման համար: Հայտերի ցանկերը, որոնց շուրջ աշխատանքներ են իրականացվելու, արդեն հստակեցված են:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով կարևոր իրադարձության կապակցությամբ, նշել է, որ ԱԳ նախարարությունը հետևողական է մշակութային ժառանգության միջազգայնացման հարցում: Նրա խոսքով՝ դեռ 2019 թվականին Կոմիտաս վարդապետի 150-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ցանկում: «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի գլխավոր նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պաշտպանությանը և լայն տարածմանը: Մինչ այդ՝ նշված հեղինակավոր ցանկում իրենց արժանի տեղն են գտել Բյուրականի աստղադիտարանի առաջին հետազոտությունը, Մատենադարանի ձեռագրերի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հավաքածուները: Կոմիտասի ստեղծագործությունների գրանցումը Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում նախևառաջ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:

Ըստ Վահան Կոստանյանի՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ևս ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2024-2025 թթ. Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով՝ հունվարի 29-ը խորհրդանշական է թանգարանի համար. թանգարանը բացվել է 9 տարի առաջ այս օրը: «Այս տարի նաև Կոմիտասի 155-ամյակն է, որին լայնածավալ ծրագրերով պատրաստվել ենք: Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը մեզ համար պարտավորեցնող է: Այն 8 տարիների հետևողական աշխատանք է՝ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների և թանգարանի համագործակցությամբ»,-ասել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Թանգարանի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն իր հերթին նշել է, որ Կոմիտաս Վարդապետի արվեստի նկատմամբ օտարազգի ուսումնասիրողների մեծ հետաքրքություն կա, որից էլ բխել է հավաքածուի գրանցման պահանջը: Նա նաև տեղեկացրել է, որ սկսվել է Կոմիտասի ստեղծագործությունների հրատարակությունների նոր շարք, որտեղ կարևոր են միջազգայնացումը և դրանք ավելի հասանելի դարձնելը:

Տաթևիկ Շախկուլյանը ներկայացրել է նաև «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը:

«Թանգարանը մշտապես կրթական ծրագրեր է իրականացնում, և օտարազգի մասնակիցների հետ լեզվի խնդիր էր առաջանում: Այս բացը լրացնելու համար սկսեցինք հատորների տպագրության շարք: Ներկայացված են հայկական ֆոլկլորային երաժշտության 50-ական նմուշ՝ յուրաքանչյուր հատորում առանձին ժանրով և բնորոշ նկարներով»,- ասել է Տաթևիկ Շախկուլյանը:

«Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրություն

Որպես թանգարանի ձեռքբերում՝ Նիկոլայ Կոստանդյանը նշել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:

«Նախագիծը հնարավորություն է ստեղծում VR ակնոցի միջոցով մուտք գործել Կոմիտաս Վարդապետի՝ Կ. Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ: Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակի ինտերիերում ներկայացված են Կոմիտասի ռոյալը և ֆիսհարմոնը, անձնական այլ իրեր։ Վիրտուալ շրջայցը հագեցած է ինտերակտիվ բաղադրիչով, ամբողջ ընթացքն ուղեկցվում է Կոմիտասի մասին պատմող տեղեկատվական նյութով, որում հնչում է նաև Կոմիտասի ձայնը։ Մոդելավորումը կատարվել է Կոմիտասի սան Արամ Աստվածատրյանի ձեռքով պատրաստված մանրակերտի հիման վրա: Վերջինս երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում: 2019 թ. Կոմպոզիտորների միությունը մանրակերտը փոխանցել է թանգարանին»,- ասել է Նիկոլայ Կոստանդյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ VR ցուցադրությունն իրականություն է դարձել մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ, այս դեպքում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի:

«Մասնավորի հետ համագործակցությունը ցույց է տալիս համատեղ աշխատանքի արդյունավետությունն ու հեռանկարային բնույթը: Հույս ունեմ՝ այն լավ օրինակ կլինի թե՛ մյուս թանգարանների, թե՛ մասնավոր գործընկերների համար»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա ՝ ժամանակակից տեխնոլոգիաները, մուտք գործելով մշակույթի ոլորտ, նոր հնարավորություններ են ստեղծում նաև թանգարանների համար՝ կենդանի դարձնելով այցը. «Այցելուները նորովի են բացահայտելու Կոմիտասի աշխատասենյակը, նրա առօրյան մոտիկից ուսումնասիրելու հնարավորություն են ունենալու: Սա հատկապես երեխաների համար անկրկնելի փորձառություն է՝ նրանց գիտելիքը դարձնելով առավել տպավորիչ: Թանգարաններում ինտերակտիվ կրթական ծրագրերի ուսումնական գործընթացի զուգահեռ ընթացքից մեր երեխաները միայն շահելու են»:

«Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանի խոսքով՝ «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը փոքրիկ ներդրում է ոչ միայն հայ, այլև համաշխարհային արժեք ներկայացնող Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու նպատակով. «Մեզ համար շատ կարևոր է մեր մշակութային արժեքները պահպանելը և հետագա սերունդներին փոխանցելը, և մեր համագործակցությունը կլինի շարունակական»:

«Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյանի ներկայացմամբ՝ Կոմիտասի աշխատասենյակի մանրակերտը ստեղծվել է ոչ միայն նրա սանի՝ Արամ Աստվածատրյանի հիշողությամբ, այլև օգտագործվել են Կոմիտասի ժամանակակիցների՝ հատկապես Աղավնի Մեսրոպյանի հուշերը: Այն մոդելավորված է Կոմիտասի իրերի հիման վրա, որպեսզի որևէ շեղում չլինի:

Ասուլիսին ներկա էր նաև Արամ Աստվածատրյանի սանը՝ Հենրիկ Սարգսյանը, որը ևս իր վարպետի հետ որոշակիորեն աշխատել է մանրակերտի ստեղծման շուրջ: Ըստ Հենրիկ Սարգսյանի՝ իր վարպետը մանրակերտը ստեղծել է 1968 թ. և ավարտել 1969 թ.՝ ի նշանավորումն Կոմիտասի 100-ամյակի: Ներկայացված է Կոմիտասի՝ Կ. Պոլսի տան աշխատասենյակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում