Գյումրիում անցկացվելու է «Վարդավառ-փառատոն»
Զբոսաշրջության եւ քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF)նախաձեռնությամբ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի օգնությամբ և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ Գյումրիում նշվելու է համահայկական Վարդավառ, որի շրջանակներում տեղի կունենան ազգային պարեր և խաղեր, Վարդավառի ավանդական ջրախաղ, մանկական և սպորտային խաղերի մրցույթ, երաժշտություն, ազգային խոհանոցը ներկայացնող ուտեստների համտես և երեկոյան ռիթմիկ երաժշտություն։ «Վարդավառ-փառատոն»-ն անցկացվելու է հուլիսի 6-ին և 7-ին՝ Գյումրու Բարեկամության զբոսայգում: Այս մասին հուլիսի 4-ին հրավիրած ասուլիսի ժամանակ նշեցին կազմակերպիչները՝Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի համակարգող Էմմա Բաղդասարյանը, զբոսաշրջության կոմիտեի մամուլի քարտուղար Անահիտ Բաղդասարյանը, համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
«Փառատոնը ներառում է երկու հագեցած օրեր՝ 6-ին՝ ավանդական հատվածը՝ փառատոնի պատմությունը, ծիսակատարությունը, ավանդական խաղեր և 7-ին՝ ջրախաղ, բակային խաղեր, ավանդական ուտեստների պատրաստում ու հյուրասիրություն, իսկ երեկոյան ռիթմիկ համերգ։ Տոնը՝ փառատոնի վերածելու նպատակը, տոնը հանրայնացնելն է և տոնակատարության ազգային էլեմենտները վերհանելը »,- նշեց Էմմա Բաղդասարյանը։
«Առաջին տարին չէ, որ Գյումրին մեծ, մասշտաբային միջոցառման է վերածում Վարդավառը: 2019 թվականից ունեցել ենք փորձ և փորձառություն համաքաղաքային տոնի վերածելու և բոլորի բակերում խաղացվող այս ավանդական, ջրային խաղը տեղափոխել քաղաքի կենտրոնական հատվածներ: Ամեն ինչ սկսվեց Վարդանանց հրապարակից, անցած տարի փորձարկել ենք նաև Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքը: Ի ուրախություն մեզ՝ Բարեկամության այգին շատ կարևոր կենտրոնի է վերածվում Գյումրիում և համայնքապետարանի լավագույն գործընկերներից է: Եթե սրան գումարում ենք այն բարեկամական փոխգործակցությունը, որ մշտապես ունեցել ենք Բարեկամության այգու հետ՝ կարելի է ասել, որ ստացված համագործակցության արդյունքում անմոռանալի Վարդավառ ենք ունենալու»,-նշեց Լիլիթ Թովմասյանը հավելելով, որ համայնքապետարանը չի խախտի արդեն իսկ ձևավորված ավանդույթը, տոնական օրվա մեկնարկը կտրվի արձանների լվացման գործընթացով:
Կարծիքներ