Վարչապետը 2024 թվականի պետական բյուջեն պատմական է համարում
2024 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
«Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը և պետք է միանգամից ասեմ, որ սա, իմ գնահատմամբ, պատմական ժամանակների պատմական բյուջե է։ Ինչո՞ւ է բյուջեն պատմական։ Շատ կոնկրետ պատճառով։ Բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։ Ավելի քան կրկնապատկվում է բյուջեի ծախսային մասը»,-ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը որպես օրինակ բերեց առողջապահության ոլորտում նախատեսվող ծախսերը։
«Օրինակ՝ Առողջապահության նախարարության ծախսերն ավելի քան կրկնապատկվում են, ինչը նշանակում է, որ մենք կրկնապատկում ենք առողջապահության հասանելիությունը մեր քաղաքացիների համար։ Ու սա մեր կարևորագույն հանձնառություններից և խոստումներից է։
2018 թվականին երկրի կառավարումը ստանձնելով՝ առաջ քաշեցինք թեզ, որ քաղաքացին չպետք է մնա հիվանդանոցների դռներին և այսօր արդեն քաղաքացին չի մնում հիվանդանոցների դռներին։
Վերջին տվյալներով՝ պետպատվերով առողջապահական պլանային ծառայությունների կարիք ունեցող անձինք հերթագրումից հետո մեկ ամսվա ընթացքում ստանում են այդ ծառայությունները։ Սա չի վերաբերվում անհետաձգելի ծառայություններին, որոնք մատուցվում են ըստ անհրաժեշտության։ Եվ դրա արդյունքը մենք տեսնում ենք այսօր՝ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին վեց տարում և բնական առավելագույն աճը»,-եզրափակեց Փաշինյանը։
Կարծիքներ