Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան
Հանրապետության ամբողջ տարածքում այս տարի կդիտվի տաք և չոր դեկտեմբեր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ դեկտեմբերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր՝ 2-3 աստիճանով, իսկ տեղումները՝ նորմայից պակաս:
«Սա նշանակում է, որ բազմամյա միջին արժեքի համեմատ մենք ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր: Այս պահի դրությամբ Հանրապետության մեծ մասում՝ բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերի, ինչպես նաև Արցախի, որտեղ ջերմաստիճանը նորմայի սահմանում է, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-ից 8 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Սուրենյանը հավելեց, որ, դեկտեմբերի 8-ից սկսած, ջերմաստիճանի բարձրացում է կանխատեսվում նաև Լոռիի, Տավուշի , Սյունիքի և Արցախի հատվածներում:
Կարծիքներ