Մադրիդի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել շուրջ 300 թռիչք՝ ձյան առատ տեղումների պատճառով
Այսօր Իսպանիայի Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել շուրջ 300 թռիչք՝ ձյան առատ տեղումների պատճառով, որոնք Իսպանիայի մայրաքաղաքում չեն դադարում ուրբաթ օրվանից: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են օդանավակայանների պետական վարչությունից (AENA):
«Այսօրվա համար նախատեսված էր շուրջ 300 թռիչք, այդ թվում՝ ժամանումներ և մեկնումներ։ Օդանավակայանն այսօր չի գործի՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,-ասել է AENA-ի մամուլի ծառայությունը:
Այնուամենայնիվ, ծառայությունից չեն բացառել, որ որոշ ավիաընկերություններ կարող են իրենց թռիչքները տեղափոխել այլ օդանավակայաններ:
Երեկվանից Մադրիդի օդանավակայանը կաթվածահար է եղել: Նախորդ օրը Մադրիդում սկսվել է առատ ձյուն, որը տեղական լրատվամիջոցներն արդեն անվանել են «դարի ձյան տեղումներ»:
Հավելենք՝ Մադրիդում ձյան ծածկույթի բարձրությունն արդեն անցնում է 20-30 սմ-ից: Առատ տեղումների պատճառով որոշ ուղղություններով խափանվել է երկաթուղային երթևեկությունը, Մադրիդում չեն երթևեկում ավտոբուսները և ավտոմեքենաները։
Կարծիքներ