Բախվում ենք բարդությունների. մասնագետներն անդրադարձան տեսողական խնդիրների վրա COVID-19-ի ազդեցությանը

Բախվում ենք բարդությունների. մասնագետներն անդրադարձան տեսողական խնդիրների վրա COVID-19-ի ազդեցությանը

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տեսողական խնդիրներով հիվանդների դիմելիությունը Հայաստանում ավելացել է: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունից զերծ չի մնում տեսողական համակարգը:

«Շատ են դիմել ու դիմում աչքի տարբեր խնդիրներով: Ամենից տարածված խնդիրը կոնյուկտիվիտն է՝ աչքերի արտադրությունը: Դիտվում են ավելի ծանր ախտահարումներ, աչքի խոռոչում լուրջ բորբոքումներ, բավական շատ հանդիպում են ակնահատակում թրոմբոզներ: Ունենք նաև կուրության դեպքեր»,-ասաց Աննա Հովակիմյանը: Մասնագետը նկատեց, որ բժիշկների գործը բավական բարդացել է: Կորոնավիրուսով պայմանավորված՝ շատերը, հատկապես բարձր տարիքով անձինք, տևական ժամանակ տնից դուրս չէին գալիս, հետաձգում էին բժշկի այցելությունները: Արդյունքում՝ դիմում են ուշացած:

«Շատերը գալիս են արդեն բարդություններով: Բժիշկներն անընդհատ բախվում էին ուշացած դեպքերի հետ: Կորոնավիրուսով ծանր հիվանդի բուժման սխեմաներում շատ հաճախ ներառում են հորմոններ, որոնց երկարատև կիրառման պարագայում, օրինակ, կատարակտը կարող է խորանալ»,-ասաց Աննա Հովակիմյանը:

Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր Էնթոնի Ալդավեն, ով Հայաստանում է եղջերաթաղաթնի փոխպատվաստման փորձը փոխանցելու  հայ մասնագետներին, նշեց, որ կորոնավիրուսի հետևանքով լուրջ դժվարություններ են առաջացել: Մասնավորապես, եղջերաթաղաթի փոխպատվաստման համար դոնոր գտնելու խնդիր կա, քանի որ պետք է համոզված լինել, որ նա կորոնավիրուսով հիվանդ չէ, կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ չի շփվել:

«Փոխպատվաստման համար պիտանի եղջերաթաղանթի նմուշները բավական նվազել են: ԱՄՆ-ից այլ երկրներ, այդ թվում, Հայաստան, գնացող այդ նմուշների թիվը կրճատվել են: Համաճարակային պայմաններում դոնորից նմուշ վերցնելը դարձել է դժվար, որովհետև ընդունման չափանիշները խստացվել են»,-ասաց Էնթոնի Ալդավեն: Նրա խոսքով, վերջին շրջանում մոտեցումները փոխվել են, և հիմա դոնորից հյուսվածք վերցնելիս պարտադիր բաղադրիչ է նրա պատվաստված լինելը:

Էնթոնի Ալդավեն «Հայկական ակնաբուժության նախագծի» շրջանակում Հայաստանում է՝ փոխանցելու եղջերաթաղանթի փոխպատվաստման փորձը տեղի մասնագետներին: Աննա Հովակիմյանը նշեց, որ եղջերաթաղանթի փոխպատվաստում Հայաստանում կատարվում է 1980-ական թվականներից սկսած:

«Եղջերաթաղանթի փոխպատվաստման պարագայում միշտ կա ռիսկ, որ օրգանիզմը չի ընդունի նոր հյուսվածքներ: Նոր մոտեցման համաձայն, անցում է կատարվել վիրահատության շերտավոր մեթոդին, այսինքն, ոչ բոլոր շերտերն են փոխպատվաստվում: Մենք շերտավոր մեթոդով վիրահատություն կատարում ենք, սակայն այստեղ նույնպես նորամուծություններ կան, որին հիմա ծանոթանում ենք: Ասեմ, որ արդյունքները հրաշալի են, 7 հիվանդի արդեն վիրահատել ենք»,-ասաց Աննա Հովակիմյանը:

«Հայկական ակնաբուժության նախագծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը նշեց, որ գրեթե 30 տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Նախագիծն ունի կրթական բաղադրիչ՝ միջազգային համաժողովներ, հետազոտություններ, վերապատրաստումներ:

«Մեր կամավոր բժիշկները տարբեր երկրներից այցելում են Հայաստան՝ ներկայացնելու իրենց զեկույցները, կիսելու իրենց փորձը, հայ մասնագետների հետ քննարկելու բարդ դեպքերը, ուսուցանելու բուժման և վիրահատական նորագույն մեթոդներ: Ինչպես տեսնում եք, չնայած համաճարակով պայմանավորված բարդ իրավիճակին, մեր կամավոր բժիշկները Հայաստանում են»,-ասաց Նունե Եղիազարյանը: Նրա խոսքով, այս օրերին նախագծի կրթական լաբորատորիայում անցկացվում է վերապատրաստում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում