Մեկնարկում է «ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը մեկնարկում է 2022 թ. հոկտեմբերի 26-ից։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի համար հայտ է ներկայացրել երկու քաղաք՝ Ծաղկաձորն ու Մեծամորը։
Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հայտերի գնահատումն իրականացվում է հետևյալ եղանակով՝
հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից՝ սահմանված պահանջներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ,
հայտերի փորձագիտական գնահատում այդ նպատակով ձևավորված փորձագիտական խմբի կողմից` տեղում ուսումնասիրությունների միջոցով,
կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հիշեցնում են, որ քվեարկության փուլին նախորդել է մրցութային հանձնաժողովի կողմից հայտերի՝ մրցույթի կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ գնահատումը, իսկ սեպտեմբերին իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ:
Նշվում է, որ տեղում փորձագետները հանդիպել են համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ուսումնասիրել հայտերում ներկայացված ծրագրերի համապատասխանությունը երիտասարդական պետական քաղաքականության առաջնայնություններին, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում:
«Հանդիպումների ընթացքում քննարկումեր են եղել համայնքային երիտասարդական ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերի շուրջ, դիտարկվել են նաև համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները:
Հայտերի գնահատման վերջին փուլը՝ SMS քվեարկությունը, կտևի մինչև ս.թ. նոյեմբերի 14-ը: 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին 5009 կարճ համարին՝ հայատառ ուղարկելով նախընտրած քաղաքի անվանումը՝ Ծաղկաձոր կամ Մեծամոր։
Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։
Մրցույթի հաղթողը որոշվում է փորձագիտական խմբի գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը, նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ/միջավայրեր, քաղաքացիական հասարակության կառույցներ), խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչմանը։
Կարծիքներ