Եգիպտոսի նախագահը մերժել է պաղեստինցիներին իրենց տարածքից վտարելու ցանկացած ձև
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում իր պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ կտրականապես մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանման ցանկացած ձև:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։
Եգիպտոսի նախագահը նշել է, որ իր երկիրը ներկայումս զգալի ջանքեր է գործադրում և պահպանում է բոլոր անհրաժեշտ կապերը տարբեր կողմերի հետ՝ Գազայում հրադադարի հասնելու և այնտեղ բավարար քանակությամբ մարդասիրական օգնության անհապաղ առաքման համար։
Ալ-Սիսին ընդգծել է, որ Պաղեստինի ազգային վարչակազմն Աբասի գլխավորությամբ առանցքային դեր է խաղում ընթացիկ իրադարձություններում: Եգիպտոսի նախագահի համոզմամբ՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում անվտանգության և կայունության միակ երաշխիքը 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծումն է, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է։
Կարծիքներ