Հայաստանն ու Հունգարիան պլանավորում են առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրել
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ հանդիպմանը քննարկել է առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը:
«Գործընկերոջս հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք կարող են երկկողմ հետաքրքրություն ներկայացնել։ Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք երկկողմ համաձայնագրի տեքստի վրա։ Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին համաձայնեցնելուց հետո այն կստորագրենք։ Ուրախ եմ, որ Հունգարիայի հետ նաև առողջապահության ոլորտում վերսկսվում ենք շատ կարևոր երկխոսություն և աշխատանքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը առանձնացրեց դեղագործական, կրթական և առողջապահական ապահովագրության ոլորտներում հայ-հունգարական համագործակցության խորացումը։
«Հունգարական դեղագործական արտադրությունը Հայաստանում բավականին լավ ճանաչելի է, և կարևորում ենք այս ոլորտում մեր հարաբերությունների զարգացումը։
Պայմանավորվեցինք, որ կաշխատենք Բժշկական համալսարանի ուսանողների, ինչպես նաև մասնագետների համար Հունգարիայում փորձի փոխանակման ծրագիր սկսել։ Հունգարիան շատ կարևոր համակարգ ունի նաև այլ երկրներից եկող անձանց համար կրթաթոշակներ տալու մասով, ուստի կարևորում եմ, որ Հայաստանի համար այդ տեղերը ևս հասանելի լինեն։
Բացի դրանից, ապահովագրական համակարգի ներդրման առումով մեզ համար շատ կարևոր և հետաքրքրիր է եվրոպական երկրների փորձը ուսումնասիրելը։ Պետք է ասեմ, որ բավականին նույնատեսակ գծեր նախանշեցինք, որոնք պլանավորում ենք մեր համակարգի հիմքում դնել։ Դրանք Հունգարիայում աշխատում են։ Նրանք ունեն կայուն և լավ առողջապահական համակարգ»,- եզրափակեց Ավանեսյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 5-7-ը եղել է Հունգարիայում։ Այցի շրջանակներում առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ, որը համակարգում է նաև երկրի առողջապահության ոլորտը։ Հանդիպման ընթացքում նախարարները նախանշել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները։
Կարծիքներ