Տուրք չտալ ճնշումներին և վաղը չդառնալ վահան՝ բացահայտ ապօրինությամբ աթոռից կառչողների համար. Ալավերդու ՔՊ խմբակցություն
Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով համայնքապատկան կառույցների ներկայացուցիչներին:
«Ալավերդի համայնքի բուժամբուլատորիաների սիրելի բուժանձնակազմեր, նախակրթական ուսումնական հաստատությունների սիրելի մանկավարժներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակչության առողջության պահպանությունը, երեխաների կրթությունը, համայնքի բնականոն կառավարումը կարևոր է մի քանի արկածախնդրի զոռբայությունից։
Խնդրում ենք տուրք չտալ ճնշումներին, աշխատանքից հեռացվելու սպառնալիքներին և վաղն առավոտյան չդառնալ վահան բացահայտ ապօրինությամբ աթոռից կառչելու նկրտումներ ունեցողների համար։
Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ, ինչպես գիտեք` օրենքի տառին համապատասխան վաղը ժամը 10:00-ին նախաձեռնել ենք Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ նիստ` համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով։
Մեզ անդադար հասնում են տեղեկություններ վարչական ռեսուրսի գործադրմամբ վաղը նախատեսած հանրահավաքի մարդաշատություն ապահովելու նպատակով։
Մասնավորապես, համայնքապետարանի պաշտոնյաներ, բաժնի պետեր զանգահարում են մանկապարտեզների, բուժամբուլատորիաների, երաժշտական դպրոցների, մշակույթի տների տնօրենների և հրահանգում վաղը` ժամը 09:30-ին ներկայանալ համայնքապետարան` իբր բյուջեի քննարկման այն պարագայում, երբ ժամը 08:00-ին համայնքապետարանի դիմաց հրավիրել են հանրահավաք։
Հրահանգվել է նաև հանրահավաքին մասնակցել համայնքապետարանի աշխատակազմին, ՀՈԱԿ-ների աշխատակազմերի։
Փորձել են մոլորության մեջ գցելով «բյուջեի քննարկման» հրավիրել անգամ դպրոցի հաշվապահի։
Դպրոցներն առհասարակ Պետական ոչ առևտրային կազմակերպություններ են և ենթակա են ԿԳՄՍ նախարարությանն ու մարզպետարաններին։
Արկածախնդրությամբ, զոռբայությամբ ու վարչական ռեսուրսով իրավական պետությունում խնդիրներ չեն լուծվում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ հայտարարություն էր տարածել և մանրամասներ հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու՝ «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ:
Կարծիքներ