11 հայ բռնցքամարտիկ Վրաստանում կպայքարի մեդալների համար
Վրաստանի Քութայիսի քաղաքում ընթացող Ակակի Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարում 11 հայ երիտասարդ բռնցքամարտիկներ կպայքարեն մեդալների համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր ընտրանու 13 մարզիկներից 11-ը եզրափակիչում են և կպայքարեն «ամենաբարձր հարգի» մեդալների համար։
«Ընդ որում 60, 67, և 92 կգ քաշային կարգերի եզրափակիչները բացառապես հայկական են լինելու։ 60 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Էրիկ Իսրայելյանն ու Ոսկան Ոսկանյանը, 67- ում՝ Արթուր Մկրտչյանն ու Յուրա Բաբլումյանը, իսկ 92-ում՝ Ավետիք Հովհակիմյանն ու Իշխան Հովսեփյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եզրափակիչում են նաև 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Եզրափակիչները կկայանան այսօր՝ հուլիսի 24-ին։
Կարծիքներ