Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը. Սոնա Ղազարյանի ելույթը Թբիլիսիում ընթացող վեհաժողովում

Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը. Սոնա Ղազարյանի ելույթը Թբիլիսիում ընթացող վեհաժողովում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 6-ին պատգամավորը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովում:

«Հարգելի' գործընկերներ,

Տիկնա'յք եւ պարոնա'յք,

Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի խորհրդարանին այս վեհաժողովը լավ կազմակերպելու համար:

Հարգելի' ներկաներ, ինչպես գիտեք, Հայաստանն անցնում է մեծ դժվարությունների միջով` բախվելով անվտանգության ամենամեծ սպառնալիքներին: 2021 թվականից Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անօրինական օկուպացրել է մեր ինքնիշխան տարածքի զգալի մասը:

Մենք բարձր ենք գնահատում մեր արեւմտյան գործընկերների` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործընթացում:

Այս համատեքստում կարեւոր է ընդգծել Եվրոպական խորհրդի որոշումը` Անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին` նպաստելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձեւավորմանը ե'ւ Հայաստանի, ե'ւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը:

Ցավոք, Ադրբեջանը դեմ է անգամ այս քաղաքացիական առաքելությանը:

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ Լեռնային Ղարաբաղի շրջափակման հանգամանքի` Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վրա: Շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի հայերն ապրում են լիակատար պաշարման պայմաններում: Շուրջ 30 հազար երեխա զրկված է լիարժեք կրթության իրավունքից:

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության խնդիրները պետք է լուծվեն նաեւ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության միջոցով` գործընթացում չեզոք միջազգային ներգրավվածությամբ եւ խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմի ներդրմամբ:

Մեր այցից մի քանի օր առաջ, ադրբեջանական զինուժը կրկին հրետանային եւ անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղի դիրքերը` սպանելով 4 զինվորի:

Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները եւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն ու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է իրականացնում:

Մենք իսկապես հավատում ենք, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը, խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է հիմնվի խաղաղ եւ ներդաշնակ ապրելու համար:

Շնորհակալություն»,- ասել է Սոնա Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում