Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից. Գրիգոր Մինասյան
Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը. ասել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ԱԺ հուլիսի 11-ի արտահերթ նստաշրջանում:
Նախարարի խոսքով վերոգրյալի հիման վրա հնարավոր է փաստել, որ գործուն զղջալու դեպքում կարեւորվում է քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցությունը, մեղքի ընդունումը եւ պատճառված վնասի հատուցումը կամ այլ կերպ հարթումը:
«Հարց է ծագում իսկ ինչո՞ւ նույն իրավակարգավորումները բացառիկ դեպքերում կիրառելի չեն ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում: Դրանով իսկ պայմանավորված նախագծով առաջարկվում է գործուն զղջալու դեպքում չնախատեսել նման սահմանափակում»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքով եւս առկա էր կարգավորում այն մասին, որ այլ տեսակի հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից կարող էր ազատվել միայն Քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում:
Օրինագծով նախատեսված են այն հանգամանքները, երբ անձը չի կարող գործուն զղջալու հիմքով ազատվել պատասխանատվությունից: Դրանք են՝ խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է ծանրացնող հանգամանքներում, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, իշխանությունը յուրացնելը, սահմանադրական կարգը տապալելը, խոշտանգումը, ինչպես նաեւ բոլոր այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում:
Հիմնական զեկուցողը նշել է, որ այս իրավակարգավորումը չի կարող կիրառվել, եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետեւանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետեւանքները գիտակցելու, կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից:
Օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Այս փոփոխությունը ոչնչացնում է քրեական արդարադատության մեջ կարեւոր համարվող արագացված վարույթի, համագործակցության վարույթի, համաձայնեցման վարույթի օրենսգրքերով ամրագրված մոտեցումները: Այս նախաձեռնությունը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին եւ միջազգային մի շարք պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է քրեական արդարադատության ոլորտում»,- ասել է պատգամավորը եւ հավելել, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:
Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Կարծիքներ