Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Քրդստանին. INA
Իրանի զինված ուժերը հերթական հրթիռահարվածն են հասցրել Իրաքյան Քրդստանին: Նոյեմբերի 21-ին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին հաղորդել է INA գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Գրոհի թիրախ են դարձել քրդական կուսակցությունների՝ Էրբիլի եւ Սուլեյմանիայի նահանգներում գտնվող կենտրոնակայանները, որոնք աջակցում են հակակառավարական ելույթներն Իրանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Shafaq News պորտալի տվյալներով՝ իրանկան զորքերը նաեւ գնդակոծել են փախստականների ճամբարը Բահրիքա քաղաքում: Գնդակոծման զոհ է դարձել մի քանի մարդ: Հաղորդվում Է, որ Էրբիլում ԱՄՆ-ի հյուպատոսությունում գործել են օդային տագնապի շչակները: Սեպտեմբերի 24-ին Իրանի զինված ուժերն սկսել են հարվածներ հասցնել Իրաքում բազավորված քրդական կազմավորումներին:
Ինչպես նշում Է IRNA գործակալությունը, գործողության առիթ են դարձել այդ ուժերի փորձերն ապակայունացնելու իրադրությունն Իսլամական Հանրապետությունում: Հոկտեմբերի 8-ին Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) ցամաքային ուժերի հրամանատարությունը հայտարարել Է, որ կշարունակի հարվածներն անջատականների ռազմակայաններին Իրաքյան Քրդաստանում, ինչպես նաեւ Բաղդադից պահանջել Է «վերջ դնել հակաիրանական խմբավորումների վայրագություններին»:
Կարծիքներ