Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակման մտադրության մասին
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են մինչև ամառվա վերջ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումների մտադրության մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ ՌԴ կառավարությունը կարող է սահմանափակել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև արգելել երկրից շաքարավազի արտահանումն ամբողջությամբ։
«Կոմերսանտ»-ի աղբյուրը հայտնել է, որ նման առաջարկները քննարկվել են մարտի 10-ին մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման կառավարական ենթահանձնաժողովի նիստում։ Հանդիպման մասնակիցներից մեկի խոսքով՝ նախատեսվում է մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Նշվում է, որ միևնույն ժամանակ, սահմանափակումներից կարող են բացառություններ արվել՝ այն դեպքում, երբ արտահանողը լիցենզիա ստանա ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից։
Ռուսաստանից սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանման արգելքը կազդի երրորդ երկրներ արտահանման վրա, ԵԱՏՄ երկրներ մատակարարումները հնարավոր կլինի Գյուղատնտեսության նախարարության հատուկ թույլտվությամբ։
Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակցի՝ այս սեզոնին ԵԱՏՄ երկրներն արդեն ապահովել են իրենց հացահատիկի անհրաժեշտ ծավալները, այսպիսով նման սահմանափակման նպատակն է բացառել ԵԱՏՄ երկրներից հացահատիկի հոսքը:
Նշվում է, որ հացահատիկի սահմանափակումները պետք է զսպեն ցորենի նկատմամբ Ղազախստանի աճող պահանջարկը և լրացուցիչ հացահատիկ վերաուղղորդեն ներքին շուկա, մինչդեռ շաքարավազի արտահանման արգելումը պայմանավորված է ռուսական խանութներում պահանջարկի ավելացմամբ:
Կարծիքներ