Հայաստանի երկրորդ լիազորված տնտեսական օպերատորը․ օրինապահ բիզնեսի առավելությունները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Բարսիս» ՍՊ ընկերության գործադիր տնօրենին հանձնել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառվելու 1-ին տիպի վկայական։ «Բարսիս» ՍՊ ընկերությունը դարձավ երկրորդ լիազորված տնտեսական օպերատորը Հայաստանում։
ՊԵԿ նախագահը, շնորհավորելով «Բարսիս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հակոբ Մենեմշյանին, կարևորել է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին կամավոր համապատասխանությունը խթանելու ընկերության օրինակը, քանի որ օրինապահ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտը կարողանում է օգտվել այնպիսի պարզեցումներից, ինչպիսիք են՝ մաքսային գործառնությունների առաջնահերթ իրականացումը, ապրանքների բեռնումը, բեռնաթափումն առանց մաքսային մարմինների թույլտվության, ԼՏՕ-ի կողմից կիրառվող կապարակնիքների ճանաչումը մաքսային մարմինների կողմից որպես նույնականացման միջոց, մինչև հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողնման հնարավորությունը և այլն։
Վկայականի հանձնման արարողությունից հետո ծավալվել է քննարկում՝ օրինապահ բիզնեսի խնդիրների, մաքսային պարզեցումների, ՊԵԿ-ի կողմից հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման հետ կապված հարցերի շուրջ։ Փոխանակվել են մտքեր՝ առ այն, որ օրինապահ բիզնեսի համար արդեն իսկ սկսված պարզեցումների, արտոնությունների, առավելությունների շրջանակը պետք է էլ ավելի ընդլայնվի։
Տնտեսվարողը հայտնել է իր գոհունակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունից։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ու լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս «Բարսիս» ՍՊԸ գործադիր տնօրեն Հակոբ Մենեմշյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ օրենսդրությամբ նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման նպատակով։
Կարծիքներ