Ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցավարական հանձնաժողովը հայտարարել է ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերը, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական հաշվարկով լավագույն ցուցանիշներ գրանցած զինծառայողների անունները:
Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2022» մրցույթում հաղթող է ճանաչվել Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը՝ տանելով վստահ և վաստակած հաղթանակ:
Անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ լավագույնը ՌԴ թիմից եֆրեյտոր Մարինա Գովորն է: Երկրորդ տեղում Ղազախստանի մասնակիցն է՝ շարքային Նազիրա Ալբոնիսովան, ՀՀ զինված ուժերի թիմից կապիտան Արմինե Գրիգորյանը երրորդն է: Տղամարդկանց անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Բելառուսի թիմի անդամ, սերժանտ Իլյա Պուտատոն: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը Ղազախստանինն են՝ ավագ սերժանտներ Դարխան Ասլան և Տուրար Տիլեգենով:
Մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և արժեքավոր նվերներով: Միջոցառումը եզրափակվել է ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:
Կարծիքներ