Այո՛, սա ձեր արժեքներն են. Շիրակի մարզպետը՝ ընդդիմադիրների՝ Գյումրիում տարեցներին ծեծելու մասին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ ընդդիմադիր ուժերի կողմից Գյումրու Երևանյան խճուղում տարեցների նկատմամբ կիրառված բռնությանը:
Մարզպետը գրել է.
«Նախօրեին Գյումրի հյուրախաղերով ժամանած հրոսակախումբը հատել էր պարկեշտության բոլոր սահմանները։ Ժողովրդի կողմից իրական աջակցություն չունենալով՝ բախտախնդիր երիտասարդները հարձակում էին գործել տարեց մարդկանց վրա, ովքեր այլակարծիք էին։
Պետք է փաստել, որ տարեցների կարծիքը Գյումրիում կիսում են շատ ու շատ քաղաքացիներ, որոնք իշխանազավթման անհաջող թատերական այս ներկայացման մասնակիցը չեն կարող լինել։ Նախօրեից փորձում էի լուռ մնալ, որեւէ գնահատական չտալ, որովհետեւ շարքային քաղաքացու խոսքն ավելի լսելի էր, շիրակցու կարծիքն առավել քան ցայտուն։
Բայց տարածված տեսանյութը եւս մեկ անգամ ապացուցում է այն արժեքային համակարգը, որի կրողն են իրենց «գաղափարական» հռչակած ընդդիմադիրների երիտթեւի ներկայացուցիչները։ Այո՛, սա ձեր արժեքներն են, սա ձեր դավանանքն է, սա ձեր մոտեցումն է սովորական քաղաքացու հանդեպ։
Իրավապահները տեղեկացված են, աշխատում են այս ուղղությամբ եւ խուլիգանության հոդվածով արդեն քրեական գործ կա հարուցված»։
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու: Հոռոմի խաչմերուկ կոչվող հատվածում, սակայն, միջադեպ էր արձանագրվել. Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները և տեղի բնակիչները արգելել էին նրանց շարժվել առաջ՝ պառկելով մեքենաների դիմացը: Երբ ընդդիմադիրները փորձել էին ճեղքել արգելափակումը, քաղաքացիների և նրանց միջև բախում էր սկսվել: Տեղում ծառայություն էին իրականացրել մեծ թվով ոստիկանական ուժերը, որոնց ջանքերով էլ բախման է՛լ ավելի սրումը կանխվել էր, և դրանից հետո նոր ընդդիմադիրները կարողացել էին առաջ շարժվել:
Իսկ այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում են մի քանի այլ անձանց: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ են:
Կարծիքներ