Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կասկածում են կոռուպցիայի մեջ․ ԶԼՄ-ներ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կասկածում են կոռուպցիայի մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը ապրիլի 29-ին։
«Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Լոնդոնի Դաունինգ սթրիթում վարչապետի նստավայրում վերանորոգման վերաբերյալ՝ մատնանշելով իրավախախտման հնարավոր կատարման մասին տվյալները»,- գրում է գործակալությունը:
Նյութում հավելում են, որ «Ջոնսոնի ընդդիմախոսների խոսքերով՝ նա կարող էր խախտել բրիտանական կանոնները՝ կուսակցական հովանավորներին թույլ տալով գաղտնի տասնյակ հազարավոր ֆունտ սթեռլինգ ներդնել իր նստավայրում շքեղ վերանորոգման համար»:
«Խորհրդարանում էմոցիոնալ ելույթի ժամանակ Ջոնսոնը պնդել է, որ ինքը ծածկել է վերանորոգման բոլոր ծախսերը։ Սակայն նա խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք նա դա արել է միայն այն բանից հետո, երբ սկանդալ է սկսվել»,- նշում է Reuters-ը։
Եթե ընտրական հանձնաժողովը գտնի Ջոնսոնի կողմից իրավախախտում կատարելու ապացույցներ, ապա կարող է սահմանվել 20 հազար ֆունտ տուգանք կամ իրավապահ մարմինների կողմից առանձին հետաքննություն սկսվել։
Կարծիքներ