ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվել
Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով հայտ է պատրաստվել. այն նախնական ցուցակում ներառելու կամ չներառելու որոշումը կկայացվի ամռանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարաձանների պահպանության խոչընդոտներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
«Հայաստանում մոտ 24 հազար գրանցված հուշարձան կա։ Եթե գումարենք նաև նորահայտ հուշարձանները, ստացվում է մոտ 25 հազար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական մշակութային 3 հուշարձանախմբեր կան՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդի վանքը՝ Ազատ գետի հովիտով, ու Էջմիածինը՝ իր եկեղեցիներով և Զվարթնոց հնավայրով։ Եվս 4 հուշարձանախմբեր ընդգրկված են նախնական ցանկերում՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը»,-ներկայացրեց Վանյանը։
Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000 թվականներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգավորումներից մեկն է այն, որ մինչև հուշարձանը չի ընդգրկվում նախնական ցանկում, չի կարող տեղափոխվել հիմնական ցանկ, դա առաջին քայլն է: Իսկ նախնական ցանկերը չեն թարմացվել`սկսած 1995 թ.-ից: Այս ցանկը 28 տարի անց, գուցե, ավելանա նոր անունով:
«Նախորդ տարվանից սկսել ենք նոր գործընթաց այս աշխատանքը շարունակելու համար։ Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով պատրաստվել է հայտ՝ որպես Հայկական լեռնաշխարհին բնորոշ բացառիկ մշակութային երևույթ, որը այլ տեղ չի հանդիպում: Այս ամռանը նախնական ցանկում ներառելու կամ չներառելու մասին որոշումը կլինի»,- տեղեկացրեց նախարարության ներկայացուցիչը։
Կարծիքներ