Որոշ մարզաձևերի ներկայացուցիչներ բարձր արդյունքներ ցույց տալու դեպքում կստանան դրամական պարգևատրում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Նոր փոփոխությամբ մարզաառողջարարական-ֆիթնես մարզասրահներում, անկախ սեփականության ձևից, աշխատող մարզիչները կարող են պատրաստվել, վերապատրաստվել և արտոնագրվել՝ համաձայն լիազոր մարմնի սահմանած կարգի՝ ՀՀ մարզերում ֆիթնեսի մարզումներ անցկացնելու համար: Պետական կառավարման լիազորված մարմինը կարող է ֆիզիկական կուլտուրայի և մարզական ենթակառուցվածքների կառավարման ուղղությամբ համագործակցել մասնավոր ոլորտի հետ՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում կնքելով համապատասխան հուշագիր:
Մարզերում մասնավորի կողմից շահագործվող մարզաառողջարարական-ֆիթնես մարզասրահներն ու լողավազանները կարող են դիմել և սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ստանալ հաշվարկով ֆինանսավորում պետական միջոցներից՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն։
Օրենքում նախատեսվում է կատարել նաև լրացում՝ ՀՀ բոլոր մարզերում անպայման լողավազան և ֆիթնես սրահ ներառող տիպային մարզակառույցի կառուցման գործընթացը մեկնարկելու վերաբերյալ:
Մեկ այլ փոփոխությամբ՝ կարատե, քիք-բոքսինգ և մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունքներ ցույց տալու պարագայում տարեվերջյան դրամական պարգևատրում կստանան: Փոփոխությունը մշակվել է՝ հիմք ընդունելով Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից այս մարզաձևերի ճանաչումը և ընդգրկումը համապատասխան ցանկում: Ընդ որում՝ 2023 թվականին նշված մարզաձևերի ազգային ֆեդերացիաներն ընդգրկված են եղել պետության կողմից դրամաշնորհի ձևով պետական աջակցության ծրագրում:
Տարեվերջյան պարգևներն այսուհետ կշնորհվեն Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու, կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ և շախմատ մարզաձևերից) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), Եվրոպական խաղերում, Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, Համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքականների երկրորդ մարզիչներին, բժիշկներին:
ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Կարծիքներ