«Գերեվարված է հայկական դիվերսիոն խմբի հրամանատարը». Ադրբեջանը կրկին կեղծ լուրեր է շրջանառում
Երեկ ուշ երեկոյան ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Նա նաև անդրադարձել է ադրբեջանական մամուլում լայն տարածում գտած լուրին, ըստ որի՝ մոլորված սպան օգոստոսի 23-ին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն և հետախուզական խմբի անդամ է, և, որ դիվերսիոն խումբը փորձ է արել սադրել Գորանբոյի շրջանի ուղղությամբ: Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ այս լուրը կեղծ է:
Ադրբեջանական Մեյդան թիվին «Գերեվարված է հայկական դիվերսիոն խմբի հրամանատարը» վերնագրով հոդված է տարածել, նաև տեսանյութ ու լուսանկար հայ սպայից:
Ապատեղեկատվական նյութում ադրբեջանական կողմը պնդում է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում թշնամին՝ հայերը, կորուստներ կրելով, ստիպված են եղել նահանջել: Խմբի հրամանատարը գերի է ընկել և տարվել է բանտ:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարություն է տարածել, որով նշվում է, թե սահմանին ստեղծված լարվածության համար ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
ՀՀ ՊՆ-ն հորդորում է չհավատալ ադրբեջանական կողմի կեղծ լուրերին և չնպաստել դրանց տարածմանը:
Կարծիքներ