Երևանում 20-ամյա վարձակալն արդուկի լարով խեղդել է տանտիրոջն ու դին թաքցրել պահարանում. ՔԿ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու սպանության դեպքը:
Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
«2023 թվականի հուլիսի 12-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող, Մարտունի համայնքում հաշվառված 20-ամյա երիտասարդը սպանել է նշված տան 44-ամյա սեփականատիրոջը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Դեպքի առթիվ, սպանության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ երիտասարդը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է:
Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա իրավապահներին ներկայացրել է քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Մասնավորապես, քննությամբ ներկա պահին ձեռք բերված տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի 11–ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, տան սեփականատիրոջ և երիտասարդի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տան սեփականատերը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել երիտասարդի հասցեին, ինչի համար վերջինս արդուկի լարով խեղդել է 44-ամյա տղամարդուն, ապա՝ դին թաքցրել տան պահարանում։
Դեպքի վայրի զննությամբ տան հյուրասենյակի պահարանում հայտնաբերվել է արական սեռի դիակ՝ բռնության հետքերով, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք արդուկը:
Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունy):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանբման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ