Օմեգա-3 ճարպաթթուները պաշտպանում են տարեց կանանց աղտոտված օդի բացասական ազդեցությունից. գիտնականներ

Օմեգա-3 ճարպաթթուները պաշտպանում են տարեց կանանց աղտոտված օդի բացասական ազդեցությունից. գիտնականներ

Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա-3 ճարպաթթուների գործածությունը կարող է շատ օգտակար լինել տարեց կանանց համար։ Մասնագետների կարծիքով՝ այս տարրի բավարար քանակությունը կարող է նվազեցնել աղտոտված օդի բացասական ազդեցությունը տարեց կանանց օրգանիզմի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology պարբերականում։

Նախկինում ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ 70-80 տարեկան կանայք, որոնք ապրում են օդի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող թաղամասերում, ավելի հաճախ են բախվում հիշողության խանգարումների ու գլխուղեղի ապաճման խնդրին ի տարբերություն նույն տարիքային խմբին պատկանող այն կանանց, որոնք ապրում են ավելի մաքուր օդ ունեցող թաղամասերում։

Ուսումնասիրության շրջանակներում գիտնականները հետազոտել են 65-80 տարեկան 1,3 հազար կնոջ գլխուղեղը մագնիսառեզոնանսային շերտագրությամբ ստացված պատկերի միջոցով, ինչպես նաև ստուգել նրանց արյան մեջ օմեգա-3 ճարպաթթուների մակարդակը։

Ինչպես նշում են գիտնականները, հետազոտությունը ցույց է տվել, որ արյան մեջ օմեգա-3 ճարպաթթուների ավելի բարձր մակարդակ ունեցող կանանց գլխուղեղում ավելի մեծ է սպիտակ նյութի ծավալը։ Աղտոտված օդի միջավայրում ապրող կանանց մոտ այդ ցուցանիշը նվազում է, սակայն այդ ազդեցությունը զգալիորեն թուլանում է, եթե կնոջ օրգանիզմում օմեգա-3 ճարպաթթուների մակարդակն ավելի բարձր է լինում։

 

 

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում